Բաժիններ՝

Ձկնաբուծարանների պատճառով Գայ համայնքի դաշտերը չորանում են

Վերջին տարիներին ձկնարտադրությունը թեպետ դարձել է արդյունավետ և շահավետ  բիզնես, սակայն ձկնաբուծարանների քանակին զուգահեռ գյուղերը զրկվում են ոռոգման ջրից և անապատացվում: 168.am-ը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի խնդրին: Համայնքում տարիներ շարունակ ջուր չկա, դաշտերի մեծ մասը չի մշակվում և պատճառը Մասիս քաղաքում գործող ձկնաբուծարաններն են: Ձկնաբուծարանների պատճառով անապատացվում է նաև մարզի մեկ այլ համայնք: Գայ գյուղում տարեցտարի ցամաքում են խմելու ջրի համար նախատեսված խորքային հորերը, չի բացառվում, որ մի քանի տարի անց, ջրի խողովակից ընդհանրապես ջուր չի հոսի:

Այս տարի ոռոգման ջուր չլինելու պատճառով Գայ համայնքում հողերի 80 տոկոսը մնացել է անմշակ: Շատերը հրաժարվում են հող մշակելուց` նախընտրելով շինարարությունը կամ արտագնա աշխատանքը: Նրանք, ովքեր հողագործությամբ են զբաղվում, իրենք իրենց անվանում են «կամիկաձեներ»: «Գիտենք, որ տակ ենք տալու, բայց դե այս տարի էլ ցանեցինք, ճարահատյալ ենք ցանել, այլ տարբերակ չկա, էդ էլ որ չանենք՝ ո՞նց ապրենք»,- ասում է Գայ գյուղի բնակիչ Սերյոժան: Նա ցանել է ու փոշմանել: Երեք ամսվա ընթացքում երեք անգամ դաշտում ջուր չի արել: Դաշտ գնալ չի ցանկանում. ասում է, որ տեսնեմ, թե բադրիջանն ու լոլիկը ոնց են չորացել-դեղնել-կախվել` սիրտս չի դիմանա, երևի ինֆարկտը խփի: «Մայիս ամսին բադրիջանը, ծաղիկը վրան, չորացել կախվել էր, բա բույս է, բա ջուր է ուզում, թքեմ ես էս կառավարության երեսին… Ես իրանցից բան չեմ ուզում, ինձ հասանելիք ջուրն եմ ուզում, որ հողս մշակեմ ու ընտանիքիս պահեմ: Իմ տղեն ինչքա՞ն Ռուսաստանում բանվորություն անի, որ իրա նաֆարին պահի»,- ասում է Սերյոժան ու արցունքները խեղդում են:

Գյուղում արդեն ավելի քան 500 մարդ բանկերում վարկ ունի: Վարկ են վերցրել ու հիմա տոկոսների ձեռքը տառապում են: «Շոչիկը ֆռում ա, չի հարցնում` կա-չկա, կարկուտը խփեց, ջուր տվի՞ն, թե՞ չէ: Ինքն իրա գործն ա անում»,- ասում է Մարտունը:

Գյուղացիները հավաստիացնում են, որ Գայում բոլորն էլ վարկ են վերցրել, որ հողամաս մշակեն, սակայն ջուր չլինելու պատճառով գյուղացիները «տակ են տվել». աշնանը ոչ բերք են ստացել, ոչ էլ կարողանում են վարկի գումարը փակել:

Կարդացեք նաև

«Մեծ տղես գնաց Ռուսաստան, հիմա փոքրն էլ ա գնում: Գնում են Վորոնեժ աշխատեն, բանվորություն անեն, որ կարողանանք էս վարկից ազատվենք»,- ասում է Մայիսը:

12_12-Gay«Իրանք իրանց համար բասեիններ են բացում, ձուկ են աճացնում, մեր բերքը վառվում ա…»,- ասում է Գայանեն` ավելացնելով, որ բացի հարևան մարզից, իրենց գյուղում էլ վերջին տարիներին թվով 10 ձկնաբուծարաններ են գործում: «Իրանց բիզնեսն ա, ո՞նց կարգելեն: Իրանք փող քիչ ստանան, որ գյուղացու բերքը չվառվի՞: Ինչի՞ էս երկրում գյուղացու, քաղաքացու, աղքատի կարծիքն է՞լ է հաշվի առնվում»,-հիասթափված ասում է Գայանեն:

Թե ո՞ւմ են պատկանում Գայում գործող ձկնաբուծարանները, գյուղացիներն անուն չեն տալիս, սակայն չեն բացառում, որ այն «կամ ինչ-որ թափով մեկին ա պատկանում, կամ էլ մեջքին մեկը կա կանգնած»:

Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց, որ գյուղի աղբյուրները ցամաքում են Գայում գորձող ձկնաբուծարանների պատճառով: «Էդ դրա հետ կապ չունի, նապոռն էդքան չի, որ գյուղացիներին ջուր չհասնի: Գայում ոռոգման ջուր չկա Մասիսում գործող ձկնաբուծարանների պատճառով»,- ասաց Ս. Մարկոսյանը` խիստ անտարբերությամբ ավելացնելով, որ գյուղացիները պետք է «հոսանք քաշեն, պոմպեր դնեն, որ էդպես կարողանան ջուր ունենալ»:

«Դա գյուղացուն ձեռնտու չէ, բոլոր այն համայնքները, որտեղ էլեկտրականության միջոցով են ջուր ունենում՝ դժգոհ են, գյուղացիները չեն կարողանում վճարել: Չէ՞ որ այս կերպ գյուղացին էլեկտրոէներգիայի, ջրի և հողի հարկ է վճարում»,- ասաց գյուղապետը:  «Դե, բնականաբար ձեռնտու չի, հենա լույսն էլ թանկացավ, դարձավ 30 դրամ, բայց դե ուրիշ տարբերակ չկա»,- կրկին անտարբերությամբ ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ մարզպետարանն էլ, կառավարությունն էլ տեղյակ են խնդրից ու փորձում են ամեն ինչ անել, որ հարցը հարթվի: Գյուղացիներն այս խոստումներին այլևս  չեն հավատում: «Արդեն 6 տարի է՝ նույն բանն են ասում: Ով դառնում է գյուղապետ` ասում ա` մտածում ենք, տեսնենք, թե հարցը ո՞նց ենք լուծելու: Որ պաշտոնյային հարցնում ես, ասում ա` մենք մտահոգված ենք: Մեր նախագահն ու վարչապետը մենակ էն գյուղերն են գնում, որտեղ դպրոց են բացում կամ գործարան: Բայց էն գյուղերը, որտեղ խնդիր կա` չեն գնում: Խի՞ գան,անդարդ գլուխները դնեն դարդի տա՞կ, մի երկու ժամ իրանց թանկ ժամանակից ծախսեն` լսեն, թե մենք ինչ վա՞տ ենք ապրում: Ես էթացող եմ, հենա տղուս գործերը ստացվել են, ընտանիքով գնում ենք: Վախենալու բան չունեմ, ինչ մտածում եմ` ասում եմ»,- ասում է գյուղի բնակիչ Ժորան` մանրամասնելով, որ իրենց ծրագիրը ստացվել է, ու մինչև սեպտեմբերի վերջ կմեկնեն Կալուգա:

Մինչ կառավարությունում դեռ երկմտում են` քայլեր ձեռնարկել գյուղացուն օգնելու համար, թե ոչ, ներկայացնենք վիճակագրական մի քանի տվյալներ:

Ըստ մասնագետների՝ միայն Արմավիրի մարզում գործում է մոտ 600 խորքային հոր: Դրանցից  220-ը` ձկնարտադրության նպատակով: 600 խորքային հորերից մոտ 20 տոկոսը ցամաքել և շարունակում են ցամաքել վերջին 220 հորերի պատճառով:

Արմավիրի մարզի ընդերքից տարեկան 300-400 խ/մ քաղցրահամր ջուր է օգտագործվում ձկնարտադրության նպատակով: Տարեկան արտադրվում է 1,5-2,0 հազար տոննա ձուկ, որի արժեքը մոտ 20 անգամ պակաս է քաղցրահամ ջրի ձկան արժեքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս