Դանիայում անկախության տոնը կնշվի հայ հեղինակների ցուցահանդեսով
Ամիսներ առաջ հիմնադրված «Hi-artonline» նախագիծը, որը նպատակ ունի հայ արվեստը ներկայացնել համաշխարհային արվեստի կենտրոններում և խոշոր աճուրդային կենտրոնում, արդեն եվրոպական մի շարք երկրներում ցուցահանդեսներին մասնակցելու հրավերներ է ստանում:
Հիշեցնենք, որ Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված «Արևելքից արևմուտք, մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսը բավական մեծ արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում:
Դանիայում գտնվող հեղինակավոր «Cath Alexandrine Danneskiold-Samse Gallery» ցուցասրահը Հայաստանի անկախության տոնին նվիրված ցուցահանդեսին հայկական արվեստ ներկայացնելու համար դիմել է «Hi-artonline» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանին: Ցուցահանդեսի կազմակերպմանն, ըստ Ա. Գրիգորյանի՝ մեծապես նպաստել է Դանիայում Հայաստանի դեսպանատունը, որը հնարավորություն է տվել գալերեայի հետ համագործակցության կապ ստեղծել: Ա. Գրիգորյանի հավաստմամբ՝ սեպտեմբերի 19-ից մեկնարկող ցուցահանդեսին ներկայացվելու են Մարտիրոս Սարյանի (1907թ.), Լևոն Թութունջյանի (1926թ.), Արշիլ Գորկու (1936թ.), Երվանդ Քոչարի «Արամ Խաչատրյան» պորտրետը և Սերգեյ Փարաջանովի «Ժանսեմի ճանապարհը» գրաֆիկական աշխատանքները: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև յուղաներկ աշխատանքներ, մասնավորապես՝ Գայանե Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի, Զոհրաբ Միրզոյանի, Այվազ Ավոյանի և Տիգրան Ասատրյանի ստեղծագործությունները: Ի դեպ, նաև հավելենք, որ այս ցուցահանդեսին հինգ ստեղծագործություն կներկայացնի նաև Բեյրութի հայազգի գալերիստ Մովսես Հերգենյանը:
«Hi-artonline» նախագծի հիմնադիր Ա. Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերոնշյալ արվեստի նմուշները պատկանում են «Բարձր արվեստ» կենտրոնին, որոնք Դանիայում ցուցադրվելու ընթացքում, այնուամենայնիվ, օտարերկրյա այցելուների համար կբացահայտեն Եվրոպայի համար դեռևս ոչ այնքան հայտնի հայ գեղանկարչության արժեքը: Ավելացնենք, որ Դանիայի դեսպանատունն այս ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը փորձում է լուծել ամենաբարձր մակարդակով և Դանիայում Հայաստանի անկախության օրը պատշաճ նշելու համար մեծ աշխատանքներ են կատարվում: Դանիայում մեծ հեղինակություն վայելող նշյալ ցուցասրահում կազմակերպվող ցուցահանդեսը նախատեսված է ոչ միայն հայ համայնքի, այլև՝ ողջ Սկանդինավիայի համար:
Այս ցուցահանդեսն, ըստ Ա. Գրիգորյանի՝ այցեքարտի նման է լինելու, քանի որ Դանիայի արվեստի ոլորտ մուտք գործելը շատ բարդ է: «Կարծում եմ՝ այս հրավերը մեզ համար մուտք է լինելու դեպի Դանիայի արվեստի ոլորտ: Գրաֆիկական հանրահայտ մեր հինգ գործերը տեղափոխում ենք ցուցադրելու՝ ի սկզբանե գիտակցելով, որ ցուցահանդեսը ոչ թե կոմերցիոն հարց է լուծում, այլ՝ ճանաչում է բերում»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ խոստանալով ցուցահանդեսի ընթացքից Դանիայից հեռախոսակապի միջոցով մեզ տեղեկատվություն փոխանցել:
«168 ԺԱՄ»