Ուժեղ շոգի պատճառով ամառային ամիսներին Ճապոնիայում հոսպիտալացվել է ավելի քան 60.000 մարդ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա օգոստոսին Ճապոնիայում ուժեղ շոգի և ջերմային հարվածների պատճառով հոսպիտալացվել է 27.564 մարդ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Կենտրոնական հրշեջ վարչությունը (ԱԻՆ):
2013 թվականի օգոստոսը դարձել է շոգից տուժածների քանակով երկրորդ ռեկորդակիր ամիսը: Առաջին ռեկորդը գրանցվել է 2010 թվականի օգոստոսին, երբ ուժեղ շոգի պատճառով Ճապոնիայի հիվանդանոցներում էր հայտնվել 28.448 մարդ:
Ընդհանուր առմամբ, այս տարվա ամառային երեք ամսվա ընթացքում Ճապոնիայում հոսպիտալացվել է ավելի քան 60.000 մարդ: Մահացել է ավելի քան 200 մարդ: Տուժածների մեծ մասը եղել են 60 տարեկանից բարձր անձինք:
Շոգը դեռ պահպանվում է Ճապոնիայի հարավային ու կենտրոնական հատվածներում: Տոկիոյում ջերմաստիճանն այսօր հասել է 33 աստիճանի տաքության: