Բաժիններ՝

Հայկական «սևազգեստ մարդիկ». Ինչպես վնասազերծել հակառակորդին կայծակնային արագությամբ (տեսանյութ)

Որքա՞ն ժամանակ կպահանջվի զենքը գոտկատեղից հանելու, պահունակը տեղադրելու, լիցքավորելու և կրակելու համար (ընդ որում՝ դիպուկ)։ Երբ այս հարցը ինձ տվեցին, փորձեցի մտովի պատկերացնել այդ գործողությունը՝ քայլ առ քայլ։ Եվ հնարավորինս արագ պատկերացնելով այս ամենը՝ հասկացա, որ ինձնից կպահանջվի նվազագույնը 5-6 վայրկյան։

Սակայն առաջին անգամ տեսնելով այս կադրերը՝ հասկացա, որ մարդկային արագությունը ընդունակ է ավելիին։ Սև հագուստներով այս երիտասարդները 5-6 վայրկյանում վերևում նկարագրված գործողությունը կատարում են ոչ թե մեկ, այլ երեք անգամ։  Այսինքն՝ մեկ անգամ ատրճանակը գոտկատեղից հանելու, պահունակը տեղադրելու,լիցքավորելու և թիրախը խոցելու համար նրանցից պահանջվում է 1.7-1.8 վայրկյան։ Իսկ պահունակը տեղադրած վիճակում գոտկատեղից հանելն ու կրակելը տևում է 0.7-0.8 վայրկյան։ Այսինքն՝ փոխրաձգության ժամանակ հակառակորդը չի էլ հասցնի հասկանալ, թե ինչ կատարվեց։

Այս մարդիկ ֆանտաստիկ ֆիլմի հերոսներ չեն. նրանք մեր հայրենակիցներն են՝ ՀՀ Պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի մարզիչները՝ ֆեդերացիայի նախագահ Արտյոմ Գևորգյանի գլխավորությամբ։ Այս մարզաձևը նոր է Հայաստանում, ֆեդերացիան հիմնվել է 2012 թվականին։ Սակայն մարզաձևով հետաքրքրվողների թիվը գնալով աճում է։

Եվ դա բնական է, որովհետև սա պարզապես հրաձգություն չէ։ Այստեղ դիպուկությունից ոչ պակաս կարևոր է արագությունը։ Այսինքն՝ հարկավոր է մտածել և գործել արագ։ Իսկ նման արդյունքներ գրանցելու համար հարկավոր են մշտական պարապմունքներ։ Օրինակ՝ Ա. Գևորգյանի նման Հայաստանում քչերը կարող են կրակել, սակայն նա ամեն օր մարզվում է հրաձգարանում։ Ոչ միայն նա, այլ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ հրահանգիչները, քանի որ պատրաստվում են առաջիկայում մասնակցել լուրջ մրցումների։

Կարդացեք նաև

Այս մարզաձևի, դրա նրբությունների և Հայաստանում դրա զարգացման հեռանկարների մասին զրուցեցինք ֆեդերացիայի նախագահ Արտյոմ Գևորգյանի հետ։

 

– Կպատմե՞ք մի փոքր, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պրակտիկ հրաձգությունը և ինչով է այն տարբերվում սովորական հրաձգությունից։

– Սա հրաձգության համեմատաբար նոր տեսակ է Հայաստանում։ Բուն մարզաձևը ի հայտ է եկել եկել 50-ականնների սկզբին: Պրակտիկ Հրաձգության միջազգային Կոնֆեդերացիան (I.P.S.C.) պաշտոնապես ստեղծվել է Հրաձգային սպորտի միջազգային կոնֆերենցիայի ժամանակ, որը տեղի է ունեցել Միսսուրի նահանգիԿոլումբիա քաղաքում 1976 թվականի մայիսին: Սովորական հրաձգությունից այն տարբերվում է նրանով, որ բացի դիպուկությունից՝ շեշտը դրվում է արագության վրա։ Արդյունքները հաշվարկելիս միավորները բաժանվում են ժամանակի վրա: Կարևոր է նաև հզորության գործոնը։ Պրակտիկ հրաձգության մեջ թույլ է տրվում կիրառել միայն խոշոր կալիբրի ատրճանակ (9 մմ և ավելի): Հենց այդ մինիմալ հզորությունն էլ արտահայտում է մարզաձևի առանձնահատկությունները, քանի որ խոշոր կալիբրի զենքով ավելի դժվար է նշան բռնել, հատկապես, եթե հրաձիգը աշխատում է հնարավորինս ավելի արագ շարժվել։ Դրա համար էլ պրակտիկ հրաձգության համար կիրառվում են երեք տեսակի զենքեր. 9 և ավելի մմ կալիբրի ատրճանակ, հարթափող կիսավտոմատ հրացան, կարաբին: 15-մետրանոց А կետին կրակելու համար 45 մետրից կրակելը կարող է դյուրին թվալ փորձառու հրաձգի համար, բայց պրակտիկ հրաձգության մեջ թույլ է տրվում կիրառել միայն խոշոր կալիբրի ատրճանակ (9 մմ և ավելի):

– Ի՞նչ է խորհրդանշում պրակտիկ հրաձգության նշանաբանը՝ DVC։

– DVC-ն լատիներեն Diligentia, Vis, Celeritas բառերի հապավումն է,  որը թարգմանաբար նշանակում է  հզորություն, արագություն և դիպուկություն: Այսինքն՝ այն երեք կարևոր գործոնները, որոնց մասին նշեցի։

Կան նաև սովորական հրաձգությունից այլ տարբերություններ։ Մրցությունները անց են կացվում ոչ մեծ հրաձգարաններում, որտեղ կրակելու համար նախատեսված հեռավորությունը հազվադեպ է 45 մետրից ավելի լինում: Բացի սովորական թիրախներից կիրառվում են նաև շարժվող թղթե թիրախներ (սվինգեր), ընկնող մետաղյա թիրախներ, ընկնող մետաղյա ափսեներ (շրջանաձև կամ քառակուսի)։ Կիրառվում են նաև արգելքներ և խոընդոտներ, որոնք բարդացնում են հրաձիգի գործն ու ապահովում հանդիսատեսի հետաքրքրությունը։

Իսկ այս մարզաձևի ամենագայթակղիչ գծերից մեկը անկանխատեսելիությունն է։  Որոշ մրցությունների ժամանակ վարժությունների մասին նախնական տեղեկություններ չեն տրվում: Ոչ ոք չգիտի ինչի սպասել:

– Իսկ վտանգավոր չէ՞ այս մարզաձևը:

– Իհարկե, ոչ։ Առաջին անգամ չէ, որ այդ հարցն ինձ տալիս են և նախկինում նույնպես առիթ ունեցել եմ ասելու, իմ երեխաները նույնպես զբաղվում են պրակտիկ հրաձգությամբ, և 10-ամյա դուստրս արդեն լուրջ արդյունքներ ունի։ Ի՞նչ եք կարծում՝ եթե մի փոքր վտանգ լիներ, ես իմ երեխաներին թույլ կտայի՞ մոտ գալ հրաձգարանին։ Պարզապես անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները, ինչին մենք շատ լուրջ ենք մոտենում։ Մեր հրահանգիչները հետևում են սաների ցանկացած շարժման և կանխում ցանկացած գործողություն, որը կարող է ռիսկ պարունակել։

Այնպես որ, որքան էլ տարօրինակ հնչի, ապա կանոնները պահպանելու դեպքում այս սպորտաձևն ավելի անվտանգ է, քան մյուս մարզաձևերը։

– Ամեն դեպքում զենքի հետ գործ ունեք…

– Ես հասկանում եմ, որ զենքը բնազդով ասոցիացվում է վտանգի հետ։ Սակայն զենքը վտանգավոր է այն մարդու ձեռքում, որը զենքի հետ շփվել չգիտի։ Իսկ մենք, ցավոք սրտի, տեսնում ենք, որ զենքը հաճախ կարող է հայտնվել ոչ ադեկվատ մարդու ձեռքին  և անզգուշորեն վնաս պատճառել իրեն կամ որևէ մեկին։ Զենքին տիրապետող մարդն ավելի հավասարակշռված է և ավելի անվտանգ։ Նրա ձեռքին զենքը երբեք անզգուշորեն չի կրակի։

– Հետաքրքրվողները շա՞տ են:

–  Այո և գնալով շատանում են։ Սա այնպիսի զգացողողություններ է պարգևում, որ մեկ անգամ հրաձգարան գալուց հետո մարդ ցանկանում է նորից ու նորից գալ։ Ընդ որում, սահման չկա. չկա այնպիսի մակարդակ, որին հասնելուց հետո այլևս ինքնազարգանալու տեղ չունես։ Որովհետև սա պարզապես հրաձգություն չի։ Պետք է կարողանաս տարբեր իրավիճակներում, շարժման մեջ, ամենաանհարմար դիրքերից խոցել թիրախը և հնարավորինս կարճ ժամանակում։ Օրինակ՝ ես ինքս գրեթե ամեն օր մարզվում եմ։ Վերջերս գործարկել ենք նաև մեր ինտերնետային կայքը՝ http://www.ipscarmenia.com-ը, որտեղ մանրամասն տեղեկություններ կան մարզաձևի և մեր ֆեդերացիայի մասին։ Ունենք նաև ֆեյսուքում մեր էջը, որի միջոցով կապ ենք պաշտպանում մարզաձի սիրահարների և հետաքրքրվողների հետ։

– Սակայն ասում են, որ այս մարզաձևը թանկ հաճույք է։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են սովորել բոլոր ցանկացողները։

– Չէի ասի թանկ է, սակայն էժան էլ չէ, ինչպես ցանկացած որակյալ բան։ Ճիշտ է՝ մենք մեր վարձատրության չափը որոշելիս հաշվի ենք առել մարդկանց գնողունակությունը և սահմանել ենք խիստ համեստ սակագներ: Սակայն փամփուշտը ինքն արդեն որոշակի ծախս է ներկայացնում, և վարձը գոնե պետք է այդ ծախսերը փակի։ Չնայած սրան՝ մենք որոշակի տարբերակված մոտեցումներ ենք կիրառում, ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք դասընթացներ և մրցույթներ, օրինակ, ուսանողների կամ պաշտոնյաների համար։ Սակայն վատ չէր լինի, եթե այս հարցում լիներ նաև պետական մոտեցում։ Օրինակ՝ պրակտիկ հրաձգության պարտադիր կուրս ներառվեր բարձր դասարանցիների համար։

– Ինչո՞ւ պետք է պետությունը նման գումարներ ծախսի` մարզական հետաքրքրությունը բավարարելու համար։

– Որովհետև սա պարզապես մարզական հետաքրքրություն չէ։ Սա մի մարզաձև է, որը թույլ է տալիս ունենալ պատրաստված զինվոր և մարտունակ զինուժ։ Մեր դասընթացն անցած յուրաքանչյուր ոք կարող է շատ արագ վնասազերծել մի քանի հակառակորդի։ Իսկ մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, ռեսուրսներով ոչ հարուստ։ Այսինքն՝ մենք պետք է միշտ պատրատ լինենք պատերազմի և կարողանանք իրավիճակից դուրս գալ նվազագույն մարդկային և նյութական կորուստներով։ Այս մարզաձևը դրա լավագույն միջոցներից մեկն է։

– Այսինքն կարելի է ասել, որ ֆեդերացիայի նպատակներից մեկը նաև երկրի պաշտպանական ունակությունների ամրապնդո՞ւմն է։

– Ոչ թե նպատակներից մեկը, այլ կարելի է ասել՝ ամենակարևոր նպատակը։ Վերջին շրջանում տեսնում ենք, որ սահմանից այն կողմ ոմանք «աքլորացել» են, ավելին՝ հայտարարություններից բացի նաև սադրիչ գործողությունների են դիմում՝ դիպուկահարների և դիվերսիոն խմբերի օգնությամբ։ Այդ գործողություններին, ցավոք, զոհ են գնում երիտասարդ և անփորձ զինծառայողներ։ Այս ամենին պատասխանել է պետք։ Սակայն ոչ թե դատարկ սպառնալիքներով, այլ պատերազմին կոնկրետ պատրաստվելով։ Մենք ցանկանում ենք մինչև բանակ գնալը երիտասարդից արդեն պատրաստի զինվոր պատրաստել, որը կտիրապետի զենքի տարբեր տեսակների (մեզ մոտ սովորում են կրակել ոչ միայն ատրաճանակից, այլ ավելի խոշոր տրամաչափի զենքերից), կկարողանա արագ կողմնորոշվել և պատրաստ կլինի ցանկացած իրավիճակում արագ արձագանքել՝ փրկելով թե՜ իր, թե՜ ծառայակիցների կյանքը։ Իհարկե, պատերազմ ոչ ոք չի ցանկանում։ Սակայն պատերազմից խուսափելու լավագույն ձևը դրան միշտ պատրաստ լինելն է։ Մենք հենց դրանով էլ զբաղվում ենք։

Սարգիս Ղազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս