Պե՞տք է արդյոք մականուն հայ հոգևորականին
Վերջերս համացանցում քննարկումների մեծ ալիք են բարձրացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող անհասկանալի երևույթները և հայ հոգևորականների հրապարակավ քննադատությունները: Ստեղծված իրավիճակը, կարելի է ասել, պարարտ հող է բոլոր նրանց համար, ովքեր մշտապես դեմ են դուրս եկել Հայ Առաքելական Եկեղեցուն և հոգևորական դասին:
Մեծ աղմուկ բարձրացրած՝ Տեր Եղիա աբեղա Խաչատրյանի կողմից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված հրաժարականի նամակը անպատասխան չմնաց:
Հիշեցնենք, որ վերջերս Եղիա աբեղա Խաչատրյանը հրապարակել էր Էջմիածնի միաբանության անդամությունից իր հրաժարականի նամակը: Հրապարակմանն անմիջապես հետևեցին հարձակումները Եղիա աբեղայի անձի նկատմամբ, ընդ որում՝ նույն միաբանության ներկայացուցիչ Տեր Հակոբ աբեղա Գրիգորյանի կողմից: Եղիա աբեղան իր նամակում մասնավորապես նշել էր.
«Իմ նկատմամբ դեռեւս ճեմարանից ձեւաւորուած եւ ապա միաբանական կեանքում ընդգծուած խիստ կողմնապահութիւնը, անբարեացակամ ու անհանդուրժող վերաբերմունքը, կապուած իմ հոգեւոր նկարագրի եւ աշխարհայեացքի հետ, ինձ մղեցին դառը յուսախաբութեան, գայթակղութեան, ինքնամեկուսացման եւ անելանելի կացութեան»: Նամակի ավարտին Եղիա աբեղան նշում է, որ Մայր Աթոռի ` այսօրինակ միջավայրի ներքո ապրելը գնալով դառնում է անհնարին, իսկ մթնոլորտը` վանող: Ուստի, ելնելով այս իրավիճակից, Եղիա աբեղան հրաժարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամությունից` հաստատուն մնալով իր քահանայական կոչման և կարգի մեջ:
Այս ամենին հաջորդեց միաբանության անդամ Հակոբ աբեղայի կողմից արված հրապարակային գրառումը: Նյութը պարունակում էր Եղիա աբեղայի անձը վարկաբեկող մի շարք անպարկեշտ արտահայտություններ և բնորոշումներ: Այն, որ այդ հրապարակայնացված նյութի հեղինակը հոգևորական էր, պարզվեց քիչ ուշ, երբ ճշտեցինք, որ համացանցում մի շարք գրառումների հեղինակ «Արմ Հակը» նույն ինքը, ծնունդով գյումրեցի, ներկայումս Էջմիածնի միաբանության անդամ Տեր Հակոբ աբեղա Գրիգորյանն է:
Գյումրիի եկեղեցասեր երիտասարդաց միության մի շարք անդամների կողմից առնվազն անհասկանալի և անընդունելի է հոգևորականի` համացանցում կեղծանունով հանդես գալու երևույթը, մի շարք երիտասարդներ էլ իրենց խոսքում նշեցին, որ հենց Հակոբ աբեղա Գրիգորյանի անվան և վարքի հետ կապված շատ մութ և չբացահայտված կողմեր կան, որոնք, ելնելով պարկեշտության զգացումից, ենթակա չեն հրապարակման: Ստեղծված իրավիճակի և կուսակրոն հոգևորականի` կեղծանունով հանդես գալու փաստը վրդովեցրել էր նաև Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության ատենապետ Կարեն Պետրոսյանին, ով իր ֆեյսբուքյան էջում սուր քննադատության էր արժանացրել Հակոբ աբեղա Գրիգորյանի վարքը և կատարած քայլը: Հետագայում, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հորդորով և պահանջով, գրառումը հանվել է, սակայն մնացել է պահանջը, որ Մայր Աթոռը հետամուտ լինի հարցի քննմանը: Թեմայի հետ կապված՝ 168.am-ը զրուցեց ՀԵՀԵԿ ատենապետ Կարեն Պետրոսյանի հետ:
– Պարոն Պետրոսյան, ինչպե ՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը նախ որպես Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն ատենապետ, ապա որպես ուղղակի հավատացյալ Քրիստոնյա:
– Երկու պարագայում էլ հոգևորականների` կեղծանուններով հանդես գալն ինձ համար, որպես ՀԵՀԵԿ ատենապետ, անհասկանալի է, իսկ որպես Քրիստոնյա, ընդհանրապես` անընդունելի: Մենք գիտենք, որ Ձեռնադրության ժամանակ հոգևորականն ստանում է նոր հոգևոր անուն, ինչպես մկրտվողն է ստանում նոր անուն մկրտվելիս: Հետևաբար, այդ նոր անունը հոգևորականի համար ոչ թե պահելու, այլ հրապարակելու իրողություն է, այսինքն՝ որևէ հոգևորական պետք է ուրախ լինի իր անվամբ հրապարակավ հանդես գալու համար: Եվ հետո, հոգևորականը գրող չէ, որ կեղծանվամբ հանդես գա: Սա խնդիր է, որը, կարծում եմ, ոչ միայն ինձ համար ընդունելի չէ, այլ որևէ այլ նորմալ Քրիստոնյայի համար` ևս:
– Ինչպե ՞ ս եք Դուք տեղեկացել ստեղծված իրավիճակի մասին: Այսպես ասած` «առաջին ձեռքի ՞ց», թե ՞, այնուամենայնիվ, մամուլից:
– Տեղեկացել եմ մամուլից: Մամուլում հրապարակային քննադատություն է եղել: Հետագայում բավական զարմացանք, երբ իմացանք, որ քննադատողը հոգևորական է եղել: Վստահաբար կարելի է ասել, որ իր արարքը շատ շատերի համար գայթակղության առիթ է հանդիսացել: Իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե Հակոբ աբեղան ունի քննադատելու իրավունք, ապա Ավետարանը գոնե մեզ ասում է, որ դա պետք է լինի առանձին, միայն իր և Եղիա աբեղայի միջև, մանավանդ որ Հակոբ աբեղան խրատող չէ, նա ընդամենը կարող է խորհուրդ տալ, քանի որ կարգով ավելի բարձր չէ: Նա կարող էր առանձին, եղբայրաբար իր խուհուրդը տալ, ոչ թե նման ոչ կոռեկտ, ոչ հարիր արտահայտություններով հրապարակավ քննադատել իր հոգևոր եղբորը: Կարծում եմ՝ հրապարակայնությունն այստեղ բնավ տեղին չէր, որովհետև Մայր Աթոռն ամեն դեպքում իր պաշտոնական դիրքորոշումը կունենար այդ հարցի շուրջ, իսկ երբ մարդիկ իրենց առաջ են գցում, հաստատում են վերջին հայտնի դարձած «գարշապար լիզողներ» արտահայտությունը:
– Այս ամենից հետո որևիցե պաշտոնական հայտարարություն Մայր Աթոռից եղե՞լ է, թե՞ ոչ:
– Մայր Աթոռի մամլո դիվանի հայտարարությունն է եղել, ըստ որի՝ Հայր Եղիան եղել է պատժաշրջանում` վարքի հետ կապված խնդիրների պատճառով, որին ի պատասխան՝ Հայր Եղիան հանդես է եկել առանձին գրառմամբ, որտեղ մանրամասն պատմել և ներկայացրել է իր ուսումնառության և աշխատանքային տարիներն ու առկա տևական խնդիրներն ու միջանձնային ոչ հաշտ հարաբերությունները:
– Ինչպիսի՞ ն կլինի խնդրի հանգուցալուծումն՝ ըստ Ձեզ:
– Հրապարակավ երկխոսությունները գայթակղության առիթ կարող են հանդիսանալ շատերի համար: Ներկա պահին պետք է սպասել Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշմանը, իսկ մենք` հավատացյալներս, վճռական և հաստատակամ պիտի լինենք մասնակցել եկեղեցու զորացմանը թե մեր աղոթքներով, թե հոգևորականների նկատմամբ մեր խոնարհությամբ, թե ճշմարտության համար մեր պայքարով: