Բաժիններ՝

Վիրավորական է, երբ զանազան ոստիկաններ և քաղաքական գործչուհիներ պաշտպանում են ոստիկանի լկտի արարքը. իրավապաշտպան

«Իշխանությունները, մարդկանց հասցնելով ընչազրկության , ապա նրանց ծառայեցնում են միայն իրենց շահերի համար: Աղքատության եզրին հասցրած մարդկանց,  մի կոպեկ տալով ու ագրեսիա սրսկելով բաց են թողնում ժողովրդի վրա: Նման մարդկանց այլևս հուշարձանները հետաքրքիր չեն, նրանք կորցրել են իրենց հիշողությունը»,- այսօր Փակ շուկայի առճատման դեմ բողոքի ակցիայի ժամանակ օլիգարխի պաշտպանությունը ստանձնած խմբի մասին իր գնահատականը տվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, հաղորդում է jfhr.am-ը:

Ավետիք  Իշխանյանը մեր օրերում կատարվող իրադարձություններն անվանեց «պայքար ազգային և մշակութային հիշողություն պահպանածների և այլևս ոչ մի արժեք չունեցողների միջև»:

Հիշեցնենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը պահանջում է Փակ շուկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանից ապամոտաժել շուկայի տարածքում ապօրինի կառուցված հատվածները և վերականգնել հուշարձանի նախնական տեսքը:

Ակցիային զուգահեռ անց էր կացվում հակընդդեմ բողոքը, որի նախաձեռնողները պաշտպանում էին Սամվել Ալեքսանյանի նախագիծն ու ամեն կերպ փորձում էին սադրել և կռիվ հրահրել ակցիայի մասնակիցների հետ: Ոստիկանները կա՛մ առհասարակ չէին հանդարտեցնում իրավիճակը, կա՛մ էլ դա անում էին բավականին ուշացումով:

«Ոստիկանությունն էլ ինքնուրույն չի, այդ ուժը չունի, որ սադրիչներին կարողանա մեկուսացնել, ոստիկանության դերը պիտի լինի ցույցի պաշտպանությունը սադրիչներից: Եվ դա պետք է պահանջել ոստիկանապետից և  իշխանություններից»,- ոստիկանության գործելակերպի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Ավետիք Իշխանյանը:

Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաև Կոմիտաս 5-ի դեպքերին, նշելով, որ իրադարձություններին հետևել է միայն առցանց սակայն կարողացել է պատկերացում կազմել կատարված անօրինականության և բռնությունների վերաբերյալ:

«Ինձ համար, իբրև քաղաքացի, վիրավորական է, երբ զանազան ոստիկաններ և քաղաքական գործչուհիներ պաշտպանում են ոստիկանի լկտի արարքը: Խոսքն այդ համբույրի մասին է: Ցանկացած այլ երկրում սա կլիներ առնվազն ոստիկանապետի հրաժարականի պատճառ: Դա անգամ ավելի վատ է, քան բռնություն գործադրելը»,- հայտարարեց իրավապաշտպանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս