Բաժիններ՝

Պուտինը կոչով դիմել է Օբամային. «Հիշենք, թե ինչ է տեղի ունեցել աշխարհում վերջին տասնամյակներին…» (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Սիրիայի շուրջ զարգացող իրավիճակի շուրջ, կոչով դիմել է ԱՄՆ-ին: Այս մասին հայտնում է «Russia Today» լրատվամիջոցի ռուսական բաժինը:

«Russia Today»-ը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ դիմել է ամերիկացի իր գործընկերոջը` Բարաք Օբամային, ոչ թե որպես նախագահի, այլ որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափներկրի և նրան խնդրել է մտածել «Սիրիայի գալիք զոհերի մասին»:

«Գիտեք, որ մենք վաղուց ենք բանակցություններ վարում մեր ամերիկացի գործընկերների հետ այս հարցի կապակցությամբ: Ինչ վերաբերում է մասսայական ոչնչացման ցանկացած տեսակի, այդ թվում` քիմիական զենքի հնարավոր կիրառմանը, ապա այդ հարցի վերաբերյալ մենք ունենք հետևողական դիրքորոշում և կտրականապես դեմ ենք դրան և դատապարտում ենք, եթե այդ փաստն ապացուցվի… Այս դեպքում առողջ դատողությունն ինքնին խոսում է իրավիճակի մասին. Սիրիայի կառավարական ուժերն առաջ են ընթանում և որոշ շրջաններում նրանք շրջափակել են ապսամբներին, և այս պայմաններում խաղաքարտ տալ նրանց, ովքեր, անընդհատ արտաքին ռազմական միջամտության կոչեր է անում, պարզապես հիմարություն է, դա չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, այն էլ` ՄԱԿ-ի դիտորդների ժամանման օրը:

Այդ պատճառով ես համոզված եմ, որ սա այն մարդկանց սադրանքն է, ովքեր ցանկանում են այլ երկրների, առաջին հերթին, իհարկե, Միացյալ Նահանգներին ներքաշել սիրիական հակամարտության մեջ: Ես և ԱՄՆ-ի նախագահը Մեծ ութնյակի գագաթաժողովին քննարկել ենք այս հարցը և, ի դեպ, այն ժամանակ արդեն պայմանավորվել ենք, որ միասին ենք աջակցելու Ժնևում, այսպես ասած` «Ժնև 2» գագաթաժողովին, խաղաղ բանակցությունների կիրառմանը, և ամերիկացիներն իրենց վրա պարտավորություն էին վերցնում այդ բանակցություններին բերել զինված ընդդիմությանը: Ես հասկանում եմ` դա շատ դժվար գործընթաց է, և, ըստ ամենայնի, իրենց չի հաջողվում դա անել…

Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, այն հայտնի է, ինչ կարող եմ ես ասել, նույնիսկ չգիտեմ: Գիտեք, ես առաջին հերթին կդիմեմ նրան ոչ թե որպես իմ գործընկերոջ, որպես ԱՄՆ-ի նախագահի, այլ որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափներկրի: Մենք պետք է հիշենք, թե ինչ է տեղի ունեցել աշխարհում վերջին տասնամյակներին, քանի անգամ է ԱՄՆ-ն դարձել զինված հակամարտության նախաձեռնողը` աշխարհի տարբեր տարածաշրջաններում, և մի՞թե սա լուծել է գոնե մեկ խնդիր: Աֆղանստան, Իրաք, հենց նույն Լիբիան: Չէ՞ որ դրանից իրավիճակը չի հանդարտվում, այնտեղ չկա ոչ մի ժողովրդավարություն, ինչին, իբր թե, ձգտում էին մեր գործընկերները, չկա տարրական քաղաքացիական խաղաղություն և հավասարակշռություն»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Նշենք, որ լրագրողների հետ վերոնշյալ զրույցը տեղի է ունեցել Պուտինի` Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս