Պնդումները, թե Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել, սադրանք են. Պուտին
РИА Новости-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է համարել Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու մասին պնդումները: Նրա խոսքով` Ռուսաստանը դատապարտում է քիմիական զենքի կիրառումը, եւ եթե անհրաժեշտ է, կընդունի հակազդելու միջոցների վերաբերյալ կոնսոլիդացված որոշում:
Պուտինը նշել է, որ սիրիական կառավարությունը նախկինում եւս դիմել էր միջազգային հանրությանը` խնդրելով տեսչական ստուգումներ իրականացնել գրոհայինների կողմից քիմիական նյութերի հնարավոր կիրառման վերաբերյալ, սակայն դա չի արվել:
«Համոզված եմ, որ այս ամենը նրանց սադրանքն է, ովքեր ցանկանում են ներքաշել մյուս երկրներին, հասնել միջազգային գործունեության հզոր մասնակիցների եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ի աջակցությանը»,-ասել է նա: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ամերիկացի գործընկերների պնդումները, թե Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել եւ իրենք ունեն ապացույցներ, ապացուցված չեն: Նա կոչ է արել այդ ապացույցները ներկայացնել ՄԱԿ-ի տեսուչներին եւ ԱԽ-ին: