Բացահայտվել է հարձակման դեպքում Արևմուտքին «ծուղակի մեջ գցելու» Բաշար Ասադի պլանը. Reuters
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները նրան մեղադրել են պաշտոնական Դամասկոսի դեմ ռազմական գործողություն սկսելու դեքում Արևմուտքին «ծուղակի մեջ գցելու» փորձի մեջ:
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները վստահեցնում են, որ Ասադը պատրաստվում է զոհաբերել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց` ներառյալ մեծ թվով քաղաքացիական անձանց, որպեսզի հետագայում արևմտյան երկրներին մեղադրի մարդկանց զանգվածային սպանության մեջ:
Այդ նպատակով Սիրիայի իշխանություններն իրականացնում են հապճեպ փոխատեղում: Զինվորական անձնակազմն ու ենթակառուցվածքների մի մասը գաղտնի տեղափոխվում են բնակելի գոտիներ, իսկ բանակային զորանոցները համալրվում են իշխանությունների հանդեպ անբարյացակամ տրամադրված զինծառայողներով:
Այս մասին հայտարարել է սիրիական բանակը դասալքած զինվորներից մեկը, որն անցել է ապստամբների կողմը: Նա հայտարարել է, որ զինվորական հրամանատարությունը, որը վերջին օրերին սպասում է արևմտյան հարվածին, սկսել է զորքերի զանգվածային տեղաշարժ:
Եվ որպեսզի օտար հետախուզությունը չնկատի զորամասերի ամայացումը, դրանք լցրել է սուննի-զինվորականներով, որոնց հուսալիության նկատմամբ կասկածներ ունի Ասադի ալավիական ռազմական հրամանատարությունը:
Դասալիքի խոսքերով` բազմաթիվ ընտանիքներ կորցրել են զինծառայության մեջ գտնվող իրենց զավակների հետ կապը, ինչի պատճառն այն է, որ այդ զինվորներին խաբեությամբ կամ բռնի պահում են այդ ռազմական օբյեկտներում: Բացի այդ, բազաներում զինվորականների ներկայության նկատելիության համար այնտեղ են ուղարկվել բանտարկյալներ:
Միևնույն ժամանակ Ասադի հանդեպ բարյացակամ տրամադրված զինվորականները տեղափոխվել են Դամասկոսի մի շարք քաղաքացիական օբյեկտներ, ինչը բավական ռիսկային է դարձնում նրանց հարված հասցնելը: Մարդկանց ոչնչացնելու դեպքում Ասադը հիմնավորում կստանա մարդկանց զանգվածային ոչնչացման մեջ Արևմուտքին մեղադրելու համար: