Իրանը Ռուսաստանից պաշտոնական առաջարկ է ակնկալում С-300 զենիթա-հրթիռային համալիրների վերաբերյալ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`Թեհրանն ակնկալում է, որ Իրանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության կապակցությամբ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզոնի հնչեցրած առաջարկը պաշտոնական խողովակներով կհանձնվի իրանական կողմին` համապատասխան որոշում դիտարկելու և ընդունելու համար:
Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպանատանը եղած դիվանագիտական աղբյուրը: Ավելի վաղ Ռոգոզինը լրագրողներին հայտնել է, որ պաշտպանական սպառազինության և մասնավորապես С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ Իրանի հետ բանակցությունները հնարավոր կդառնան եթե դադարեցվի Ռուսաստանի դեմ ներկայացված հայցը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը` կարևորելով, որ այդ համագործակցությունը չմթագնվի հայցերով: Աղբյուրն իր հերթին չի հանդիսանում քաղաքական բանակցությունների հարթակ:
Հիշեցնենք, որ С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար:
Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:
Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել: