Ցորենն ու ալյուրը սեպտեմբերին չեն թանկանա
Օգոստոսի սկզբին լուրեր տարածվեցին, որ հնարավոր է սեպտեմբերին ցորենը թանկանա, քանի որ միջազգային շուկայում գները տատանվում են ու որոշակի թանկացում է դիտվում, ըստ ներկրողների՝ 1 տոննան թանկացել էր 30-40 դոլարով:
Սակայն ցորեն ներկրող մեծությամբ երկրորդ «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ սեպտեմբերին ցորենը, հետևաբար և ալյուրը, չի թանկանա:
«2 օրից արդեն սեպտեմբեր է, ալյուրը չի թանկանալու: Երկարաժամկետ կանխատեսումներ անել չի լինի, բայց եթե ոչինչ չփոխվի, անակնկալներ չլինեն, չի թանկանա: Համապատասխան քանակով հացահատիկ ձեռք է բերվել, ինչո՞ւ պետք է թանկանա: Չկան այդպիսի միտումներ»,- հավաստեց Գ. Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ գազի ու էլեկտրաէներգիայի թակացումն ազդել է ոլորտի վրա, այդ թվում՝ աշխատողների աշխատավարձն է բարձրացել, բայց քանի որ նոր բերքահավաք է իրականացվում, դա նպաստել է, որ ներքին շուկայոմ ցորենի գները նվազեն՝ հունիսի համեմատ 1700 դրամով 1 պարկի գները իջել են Հայաստանում: