Ասոցացման համաձայնագիրը չի՞ նախաստորագրվելու
Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստի բացակայությունը պայմանավորված է ոչ թե գաղտնիությամբ, այլ այն պարզ հանգամանքով, որ փաստաթուղթը պարզապես «հում» է և չի ավարտվել: Այս մասին հայտնում է ռուսական OSTKRAFT լրատվամիջոցը՝ հղում կատարելով Եվրոպական խորհրդարանում ունեցած իր աղբյուրին:
«Բանակցությունների այնպիսի փուլում, որում այժմ գտնվում է ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի նախագիծը, պայմանագրի տեքստը երբեք չի հրապարակվում: Կողմերը պարզապես չեն հասցնի համաձայնեցնել բոլոր դետալները, այդ իսկ պատճառով` նոյեմբերին` Արևելյան գործընկերության գագաթաժողովին, ԵՄ-ի և Հայաստանի միջև ոչինչ էլ չի ստորագրվելու»,- ասել է Օstkraft.ru-ի աղբյուրը:
Ըստ կայքի` նշված աղբյուրը հենց սրանով է բացատրում այն, որ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի տեքստն արդեն հրապարակվել է և երկրի ներսում դարձել է հասարակական բանավեճերի առարկա, ինչը «նորմալ ժողովրդավարական գործընթաց է», մինչդեռ Հայաստանի հետ նախագծի տեքստը չի հրապարակվում:
Կայքի աղբյուրը նշել է, որ տեքստը կարող է դառնալ հանրության սեփականությունը միայն վերջնական համաձայնեցման դեպքում, իսկ դա, ըստ նրա, պետք է տեղի ունենա մինչև նախաստորագրումը և առավելևս` ստորագրումը:
Հիշեցնենք, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովը նախատեսվում է ս.թ. նոյեմբերի վերջին` Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում:
Թե որքանով է վերոհիշյալ տեղեկությունը հավաստի, հայտնի չէ: