
Րաֆֆի Հովհաննիսյան. Ոչ մեկը մեզ հետ չի պահելու պայքարից (լուսանկարներ)

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու Երևանի քաղաքապետարանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն այսօր հանդիպել են վանաձորցիների հետ: Հանդիպմանը, որը կայացել է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի դիմաց, ներկա էր շուրջ 100 վանաձորցի:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում խոսեց ներքաղաքական իրավիճակից, այնուհետ անդրադարձավ նաև Երևանում տեղի ունեցող քաղաքացիական ակցիաներին, պայքարի դուրս եկած ազատամարտիկների ու ուսանողների պահանջի մասին:
«Այս ամեն ինչը, որ մենք նախատեսեցինք փետրվարի 18-ից սկսած, անում ենք անարյուն, սիրով ու հարգանքով մեր հայրենիքի նկատմամբ: Եվ ոչ մեկը մեզ հետ չի պահելու պայքարից: Ես գիտեմ, որ հիասթափություն ու ցավ կա բոլորիս սրտում, բայց հետևեք, թե ինչ է կատարվում մեր երկրում, ազատամարտիկներ, երիտասարդներ, արդարության պահանջներ Երևանում, Վանաձորում և այլ բնակավայրերում… սա նշանակում է, որ մեր պայքարը հաղթական է, և որ ձեր քվեն իզուր չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ «այդ մինչև վերջը», որին իրենք գնում են, վաղ թե ուշ գալու է:
«Բայց այդ մինչև վերջը չի լինելու մեր երեխաների կյանքի գնով, ուրիշ ձևով ենք փոխելու: Ըստ էության մենք` Հայաստանի Հանրապետությունը, գտնվում է արտակարգ դրության մեջ, նայեցեք մեր երեխաներին ու մեր սոցիալական պահանջներին»,- ասաց Հովհաննիսյանը:
Վանաձորում տեղի ունեցած հավաքի մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարները` հեղինակի