Բողոքի ակցիա՝ ՀՀ նախագահականի դիմաց. «Երեխայիս տեսնելիս՝ թշերին եմ ձեռք տալիս, տեսնեմ՝ մոմի՞ց է, թե՞ իրական» (տեսանյութ)
Նախագահական նստավայրի առջև քիչ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում ազատազրկման դատապարտված անձանց մի խումբ հարազատներ: Վերջիններս բողոքում էին, որ չեն կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Հայաստանի օրենսադրական դրույթները: Ցմահ ազատազրկման դատապարտված զինվոր Արթուր Քոչարյան մայրը՝ Ֆենյա Քոչարյանը, պատմեց, որ որդուն ցմահ ազատազրկման է դատապարտել Վայքի առաջին դատարանը զինակցի սպանության համար այն դեպքում, երբ վերջինս սպանության հետ ոչ մի կապ չունի:
Կնոջ խոսքով՝ վերաքննիչ դտարանն իրեն բողոքը վարույթ է ընդունել, սակայն դատարանի առաջին ատյանի դատարանի վճիռն իր որդու մասով չի փոխել: Արդեն 9 տարի է՝ նրա որդին անազատության մեջ է գտնվում: «Ում դիմում ենք՝ Արդարադատության նախարարին, Ազգային ժողովի նախագահին, բոլորն էլ ասում են, որ ճիշտ է դատապարտված: Հիմա եկել ենք, նախագահից արդարություն ենք պահանջում»,- ասաց նա:
Կինը պատմեց, որ որդուն տարվա ընթացում մեկ անգամ է տեսնում. «Տեսնելիս էլ՝ թշերին եմ ձեռք տալիս, տեսնեմ՝ մոմի՞ց է, թե՞ իրական»: Նույն գործով առաջին ատյանի դատարանի կողմից ցմահ, իսկ վերաքննիչ դատարանի կողմից 15 տարի ազատազրկման դատապարտված Սուրիկ Չոբայանին մայրը՝ Սվետլանա Չոբանյանը, ևս իր բողոքն արտահայտեց՝ պայմանական վաղաժամկետ ազատելը չկիրառելու համար:
Թմրանյութեր պահելու համար 3 տարի ազատազրկման դատապարտված երիտասարդի մայրը պատմեց, որ արդեն1 տարի 9 ամիս է՝ որդին պատիժ է կրում. «Ունի երկու անչափահաս երեխա, կինը չի աշխատում, ես չեմ աշխատում: Ո՞նց ենք ապրում, դա էլ Աստված գիտի: Ինքը աշխատում էր, մեզ պահում էր: Հիմա նստեց, մնացինք… Պահանջում եմ, որ իմ երեխային 1 տարի շուտ թողնեն, գա, իր երեխաներին պահի»:
Նախագահական նստավայրի դիմաց իր բողոքն էր արտահայտում նաև Նատալյա Քրմոյանը: Նրա խոսքով՝ կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող իր ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. «Բողոքում եմ, ուզում եմ ամուսնուս ազատ արձակեն գոնե մինչև դատարանի վճիռը: Ուրիշ ձև չկա, մենք վարձով ենք ապրում, երկու անչափահաս երեխա ունենք…»:
Բողոքի ակցիային ներկա էր նաև իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: «Այդ օրենքը չի կիրառվում շատ շուտվանից և այդ ազատագրող հանձնաժողովը ընդհանրապես չի աշխատում: Պետք է վերանայվի դրա կարգավիճակը՝ ինչպես պիտի աշխատի, որովհետև մենք ստանում ենք նամակներ, զանգեր ենք ստանում կալանավայրերից, մարդիկ խնդրում են, որ մենք կարողանանք օգնություն ցուցաբերել այդ հարցում: Բայց ոչ մի աջակցություն մենք չենք կարողանում ցուցաբերել: Անհնարին է, չի աշխատում: Մենք փորձում ենք, մեկ-մեկ այդ հարցերին չի էլ պատասխանում, ասում է՝ հանձնաժողովը որոշել է: Հանձնաժողովն այս պահին աշխատում է միայն և միայն փող աշխատելու համար: Մեծ գումարներով մարդիկ ազատվում են, դա միանշանակ է: Այնտեղ շատ լուրջ կոռուպցիա է»,- ասաց նա:
Միքայել Դանիելյանն ասաց, որ հանձնաժողովը Հայաստանի մի մասնիկն է. «Ինչպես պետությունում չի աշխատում ոչ մի բան, հանձնաժողովն էլ «մի վինտիկն է» այդ պետության, դրա համարն էլ դա էլ չի աշխատում»:
Միքայել Դանիելյանն անդրադարձավ նաև ընտրվող խափանման միջողներին: Նրա խոսքով՝ Հայաստանում հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվում կալանավորումը. «Այն դեպքում, երբ կալանքը պետք է փոխվի մեկ այլ պատժամիջոցով, դա չի կիրառվում, ցավոք, չի կիրառվում: Դա էլ է շատ լուրջ պրոբլեմ, ոնց որ պլան կատարեն մարդիկ՝ չհասկանալով, որ ավելի հեշտ է մարդուն չնստեցնել և դատել, քան թե նստեցնել, քննություն անցկացնել: Այն էլ քննություն չի անցկացվում: Ամիսներով մարդիկ նստած են ու ոչ մի քննչական գործողություններ չեն կատարվում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում