Առաջիկա ընտրություններում Էրդողանը կփորձի ձերբազատվել Գյուլին մոտ կանգնած մարդկանցից. Taraf
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև տևական ժամանակ առկա տարաձայնություններն իրենց արտացոլումն են ստանալու նաև առաջիկա ընտրություններում:
Խոսքը նախ 2014 թվականի գարնանը Թուրքիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), ապա 2015 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:
Պլանավորված է, որ այդ ընտրությունների համար իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) չեն առաջադրվելու Աբդուլլահ Գյուլին մոտ կանգնած անձինք: Նշվում է, որ Գյուլի ու Էրդողանի տարաձայնություններն առնչվում են բազում խնդիրների՝ նախագահի կառավարման ժամկետ, կալանավորված պատգամավորներ, «Սքանչելի դար» հեռուստասերիալ, զորատեսակներ, նոր սահմանադրություն և այլն:
Նրանց տարաձայնությունների վերջին ակնառու վկայությունը դարձան «Գեզի» այգու համար Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաները: Դրանց հետ կապված՝ Գյուլը հայտարարել է, որ ժողովրդավարություն ասվածը միայն ընտրությունները չեն: Դա անհանգստացրել էր կառավարությանը:
Այժմ Էրդողանի «սև ցուցակում» է հայտնվել մոտ 50 ԱԶԿ-ական, որոնց մեծ մասը կազմում են «Գյուլի մարդիկ»: Վերջին շրջանում նրանց պահվածքը մտահոգություն է առաջացրել, ինչը մասնավորապես կապված է «Գեզի» այգու ցույցերի հետ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Սրանից առաջ էլ Taraf-ը հայտնել էր, թե ԱԶԿ-ը ժամանակավորապես հրաժարվել էր կառավարման նախագահական համակարգին անցում կատարելուց:
Ի դեպ, Wikileaks-յան բացահայտումներում նշված էր, որ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին 2009 թվականին Վաշինգտոն հղած հեռագրում նշել էր, որ Էրդողանն ու Գյուլն ատում են միմյանց, և դա անգամ չեն թաքցնում միջազգային հարթակներում՝ փորձելով դժվարին դրության մեջ գցել միմյանց։