
Թուրքիայի իշխող կուսակցությունը հրաժարվել է նախագահական համակարգին անցում կատարելուց. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հետ է վերցնելու Թուրքիայում գործող կառավարման համակարգը փոփոխելու մասին իր առաջարկը: Խոսքը գնում է ներկայիս խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականի անցում կատարելու մասին: Այս մասին թերթին հայտնել են նրա անանուն աղբյուրները:
Այդ առաջարկն առաջ էր քաշվել սահմանադրական բարեփոխումների առաջարկների շրջանակներում, ինչի համար էլ դրանից հրաժարվելը կվերացնի նոր Սահմանադրության հարցում կոնսենսուսի հասնելու ճանապարհին ընկած հիմնական խոչընդոտը:
Նախագահական համակարգին անցում կատարելու մասին ԱԶԿ-ի առաջարկը հանգեցրել էր խորհրդարանում ներկայացված մյուս կուսակցությունների կատաղի հակազդեցությանը: Դա Սահմանադրության հաշտեցման հանձնաժողովի համար դարձել էր գլխավոր գլխացավանք:
Հանձնաժողովը նոր Սահմանադրության նախագծի վրա աշխատանքներ է տանում գրեթե երկու տարի, և քաղաքական ուժերը դեռ պայմանավորվածության են եկել 61 հոդվածի շուրջ: Սակայն նախագահական համակարգին անցում կատարելու մասին առաջարկն արգելափակել էր հանձնաժողովի աշխատանքը: Այժմ ԱԶԿ-ը հուսով է, որ կհաջողվի այդ աշխատանքներն ավարտել այս տարի:
Նախագահական համակարգին անցում կատարելու հարցը թողնվելու է 2015 թվականից հետո, երբ Թուրքիայում ավարտված կլինեն տեղական ինքնակառավարման (2014 թվականի մարտ), նախագահական (2014 թվականի օգոստոս) և խորհրդարանական (2015 թվականի հունիս) ընտրությունները: