ԵՄ-ի ու ԱՄՆ-ի առաքելություններն Ադրբեջանի կառավարությանը կոչ են արել անցկացնել թափանցիկ ընտրություններ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում գտնվող ԵՄ-ի պատվիրակությունն ԱՄՆ-ի ու Նորվեգիայի դիվանագիտական առաքելությունների հետ մեկտեղ հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
Հայտարարությունում ԵՄ-ի պատվիրակությունը հույս է հայտնել, որ Ադրբեջանում ընտրական գործընթացը կլինի թափանցիկ, համապարփակ և մարդկանց վստահությունը վայելող: Հայտարարությունում հիշեցվում է, որ Ադրբեջանը հանդիսանում է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, և որ հաջորդ տարի ստանձնելու է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը:
Դրա հետ կապված՝ Ադրբեջանի կառավարությանը կոչ է արվել ստեղծել անհրաժեշտ պայմաններ ու տիրույթ՝ ժողովրդավարական, քաղաքական արտահայտման և ազատ հանրահավաքներ անցկացնելու համար:
Ադրբեջանի կառավարությանը նաև կոչ է արվել կառուցողական երկխոսություն սկսել հասարակական բոլոր շրջանակների հետ՝ ներառյալ անկախ հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:
Ադրբեջանի կառավարությանը խորհուրդ է տրվել սերտորեն աշխատել միջազգային գործընկերների և մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հետ՝ ժողովրդավարական ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին: