Հայաստանը Եվրոպական ու Եվրասիական ընտրության միջև. Սերգեյ Մարկեդոնով

Ноев ковчег պարբերականում հրապարակվել է Վաշինգտոնում բնակվող ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի «Եվրոպական ու Եվրասիական ընտրության միջև» խորագրով հոդվածը, որում անդրադարձ է կատարում ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերություններին.

«Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են երկրի աշխարհաքաղաքական ընտրության, միջազգային հարաբերություններում նրա տեղի ու դերի շուրջ հասարակական-քաղաքական քննարկումները: Արդյոք կարելի՞ է հուսալի համարել սովորական ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Արդյոք պե՞տք է պաշտոնական Երևանն ակտիվացնի ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ շփումները:

Այսօր վեճերին սրություն են հաղորդել երեք հիմնական թեմա: Դրանցից առաջին առնչվում է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանը: Երկրորդը ռուսական գազի գնի բարձրացումն է և «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» բաժնեմասի հնարավոր մեծացումն է, թեև ներկայումս նրան է պատկանում բաժնետոմսերի 80 տոկոսը:

Երրորդն էլ այն է, որ ընթացիկ տարվա նոյեմբերին ակնկալվում է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» նախագծին մասնակից երկրների առաջնորդների գագաթաժողովում ԵՄ-Հայաստան Ասոցացման և միավորված Եվրոպայի հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին» համաձայնագրերի ստորագրումը: Ընդ որում, այդ բոլոր հարցերը կարևորվեցին հիմա:

Դեռևս 2010-2011 թվականներին պայմանագրեր ստորագրվեցին Ռուսաստանից Ադրբեջան գրեթե 3 միլիարդ դոլարի սպառազինության մատակարարման վերաբերյալ: 2011 թվականին հայտնի դարձավ «գազային գների» բարձրացման մասին: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքականության «եվրոպական վեկտորին», ապա վիլնյուսյան գագաթաժողովին նախապատրաստվելը դարձավ միայն Հայաստանի ուղղվածության տրամաբանական շարունակությունը:

Հայաստանը 2009 թվականի մայիսին Պրահայում «Արևելյան գործընկերության» հիմնադիր հանդիպումից հետո մասնակցում է տվյալ նախագծին: Սակայն մինչ դրան մասնակցելը Երևանը հանդիսանում էր ԵՄ-ի գործընկերը` «Եվրոպական հարևանության քաղաքականության» նախագծի շրջանակներում: Այն մեկնարկել է 2004 թվականին` Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների, այդ թվում նաև 2004 թվականին Կիպրոսի ու Մալթայի հաշվին ԵՄ-ի հերթական ընդլայնումից (ընդամենը 10 երկիր) հետո:

Տվյալ քաղաքականության առանցքային գաղափարներն ու մոտեցումները ձևակերպվել են «Մեծ Եվրոպա – հարևաններ. ԵՄ-ի արևելյան ու հարավային հարևանների հետ հարաբերությունների նոր հիմք» զեկույցում (2003): Այդպիսով, Հայաստանի «եվրոպականությունը» ընդհանրապես ընթացիկ տարվա բացահայտում չէ:

Անկախությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքական այլընտրանքների որոնման ժամանակ հիմնական խնդրահարույց «հանգույցները» առաջացել են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են մի կողմից Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, մյուս կողմից էլ` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փոխհարաբերությունները, «արևմտյան» վեկտորը, Երևանի ու Թբիլիսիի միջև շփումները (և ավելի քիչ չափով իրանական վեկտորը, ինչն առաջին հերթին վերաբերվում է «գազային թեմային»):

2006 թվականի ապրիլի 19-ին գերմանական Frankfurter Allgemaine Zeitung հեղինակավոր պարբերականում հապարակվեց տվյալ ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որում նշել է, որ «Հայաստանի ապագան ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն է» և «Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա ճանապարհին»:

Այն ժամանակ այդ «հատուկ կարծիքը» հակասում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և փաստացիորեն նրա համար արժեցավ զբաղեցրած պաշտոնով` չնայած նրա քաղաքական կարիերան շարունակվեց հետագայում, իսկ Բաղդասարյանը դարձավ ավելի զգուշավոր իր գնահատականներում: Եվ այնուամենայնիվ, 2006 թվականի ապրիլին արտահայտված այդ տեսակետն արտացոլեց հայ քաղաքական ու փորձագիտական շրջանակների որոշակի մասի այդ ժամանակվա (նաև ներկայիս) կարծիքը:

Հայաստանի, ինչպես նաև չճանաչված ԼՂՀ-ի համար Ադրբեջանի յուրաքանչյուր ուժեղացումը մարտահրավեր է 1994 թվականի մայիսից ստեղծված ստատուս-քվոյի համար: Դա ոչ միայն 1990-ական թվականների սկզբին (թանկ գնով) ձեռք բերված ռազմական հաղթանակը կորստյան մատնելու ռիսկ է, այլև` բուն Հայաստանի ազգային շահերին ուղղված սպառնալիք: Մոսկվան հետևաբար զգուշավոր հավասարակշռություն է պահպանում Երևանի ու Բաքվի միջև:

Եթե մի կողմ դնենք զգացական կողմը, ապա տարօրինակ կլինի Մոսկվան դիտարկել որպես «տարածաշրջանի ռազմականացման» առաջնահերթ պատճառ: Հակամարտող կողմերի միջև փոխզիջման բացակայությունը չի հանդիսանում Ռուսաստանի բացառիկ պատասխանատվությունը: Նույն Բաքուն էլ արդեն իսկ ունի Իսրայելից սպառազինություն գնելու փորձ (2012 թվականի փետրվարին գործարքը գնահատվել է 1.6 միլիարդ դոլար): Եվ խոսելով Ադրբեջանի սպառազինության մասին` պետք է հաշվի առնել նաև այն, որ Հայաստանը, ի տարբերություն Մերձկասպյան երկրների, հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ, ինչը նաև նախատեսում է արտոնյալ գներով սպառազինության ստացում:

Մոսկվան Հայաստանն անվանում է «ռազմավարական դաշնակից», իսկ Ադրբեջանը` «ռազմավարական գործընկեր»: Մոսկվան ու Բաքուն չկարողացան պայմանավորվել Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարի շուրջ, խնդիրներ առաջացան նաև «Բաքու-Նովոռոսիյսկ» երթուղով նավթի փոխադրման շուրջ: Սակայն զենքի պայմանագրերի հարցում, կարծես թե, գտնվեցին ընդհանուր կետեր: Եվ այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ազգային անվտանգության կարևոր երաշխավոր:

Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, ուր գտնվում են ոչ միայն ռուս զինվորականները (Գյումրիում 102-րդ բազա), այլև` սահմանապահները: Ընդ որում, Ռազմաբազայի մասին պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2044 թվականը: Ռուս պաշտոնատար անձինք, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները քանիցս հրապարակավ հայտարարել են, որ Հայաստանի դեմ ուղղված յուրաքանչյուր արտաքին ագրեսիա կդիտարկվի որպես Ռուսաստանի ու նրա շահերի դեմ ուղղված մարտահրավեր:

Արդյոք կարո՞ղ է ԵՄ-ը փոխհատուցել անվտանգության ոլորտում «ռուսական գործոնը»: Տվյալ հարցը հնչում է հռետորական: Ներկայումս Եվրոպան չունի Հայաստանի անվտանգության համար առանցքային համարվող Ղարաբաղյան հակամարտության կագավորման հեռանկարների հստակ տեսլական: Գերմանացի հայտնի փորձագետ Սաբինա Ֆրեյզերի խոսքերով` ԵՄ-ի դերակատարությունը շատ փոքր է այդ հակամարտության կարգավորման մեջ:

ԵՄ-ի ազդեցիկ անդամներից Ֆրանսիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Սակայն խմբի շրջանակներում առաջին ջութակի դերը խաղում են Մոսկվան ու Վաշինգտոնը: Ի տարբերություն ԱՄՆ-ի` ԵՄ-ը չունի «կոշտ ուժի» կիրառման արդյունավետ գործիքներ և փաստացիորեն ամեն ինչում կախված է ՆԱՏՕ-ից ու նրա գլխավոր լոկոմոտիվ Վաշինգտոնից: Հասկանալի է, որ ընդհանուր առմամբ ո՛չ ԵՄ-ը, ո՛չ էլ առանձին վերցրած նրա առանձին կառավարությունները չեն զբաղեցնի Գյումրիում Ռուսաստանի տեղը և չեն կարող հայկական բանակին ապահովել արտոնյալ գներով սպառազինություն:

Դա ԵՄ-ին կհակադրի Ադրբեջանին, որի հետ Եվրոպան ունի իր շահը: Բաքուն դիտարկվում է որպես «էներգետիկ անվտանգության» այլընտրանքային աղբյուր, որն ունակ է թեկուզև մասնակիորեն փոխհատուցել Ռուաստանից ունեցած կախվածությունը: Այստեղից էլ բխում է Ադրբեջանում քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, ընտրական ժողովրդավարական ընթացակարգերի և ներքաղաքական այլ հարցերի շուրջ մերձկասպյան այդ երկրի հետ վիճելու հարցում ԵՄ-ի անպատրաստությունը:

Այս խնդիրները ոչ մի տեղ չեն չքացել, եթե ենթադրենք, որ Երևանը միանշանակ ընտրություն կատարի երոպական մոդելի օգտին: Ո՛չ Բրյուսելը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ցանկանում շեշտը դնել բացառապես Հայաստանի վրա` վնասելով Ադբեջանի հետ իրենց կապերը: (ԵՄ-ի անդամ Հունգարիայում ծավալված) Սաֆարովի սկանդալային գործի շուրջ ստեղծված ողջ պատմությունը հիանալի վկայություն է այդ մասին: Տարբերությունն այն է, որ Հայաստանում քննադատվող Մոսկվան Երևանին ապահովում է ռազմա-քաղաքական լուրջ աջակցություն, որն արդեն իսկ «այստեղ և ներկայումս է»: Դա հիփոթետիկ քննարկում չէ:

Իրականում «Արևելյան գործընկերությունը» որակական պարամետրերով քիչ բանով է տարբերվում «Եվրոպական հարևանության քաղաքականությունից»: Անգամ վիզային ռեժիմի դյուրացումը, ինչի մասին խոստացել են նախկինում, դեռ չի դարձել իրականություն`էլ չխոսած իրական ինտեգրման մասին: ԵՄ-ը ցայժմ «մարսում» է
«ընդլայնման նախկին ալիքները»: Սակայն վերոնշյալ բոլոր գործոնները չեն նշանակում, թե եվրոպական (ավելի լայն ասած` արևմտյան) վեկտորը արժեք ու կարևորություն չի ներկայացնում Հայաստանի համար:

ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից Երևանի հրաժարվելը հղի է նրանով, որ այդ հարթակը կարող է զբաղեցնել Ադրբեջանը: Դրա հետ կապված` Արևմուտքի հետ շփումներից հրաժարվելը կարող է վնասել Հայաստանի շահերին: Սակայն մեկ այլ հարց է այն, թե արդյոք արժե՞ այդ «արևմտյան վեկտորը» դիտարկել ռուսական ուղղվածության փոխարեն: Կարելի է կարծել, որ այն կարող է դիտարկվել ոչ թե նրա փոխարեն, այլ` նրա հետ` որպես ռազմա-քաղաքական ձևաչափի տնտեսական ու դիվանագիտական հավելում:

Որքան էլ որ դա լինի բարդ, Երևանը շատ բաներով դատապարտված է կոմպլեմենտարիզմի: Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բրյուսելում չափազանց անզգուշություն կլինի Հայաստանից պահանջել «կողմնորոշվել», առավել ևս, որ առաջին դեպքում Ռուսաստանի առաջարկած նախագծերը (Մաքսային միություն ու Եվրասիական միություն) դեռ ձևակերպված չեն ամբողջությամբ, իսկ երկրորդ դեպքում հռետորիկան հաճախ առաջ է ընկնում իրականությունից` էլ չխոսած կովկասյան հարցերում ներգրավվելու աստիճանի շուրջ ԵՄ-ի անդամ երկրների միջև առկա որոշակի տարաձայնություններին»:

Տեսանյութեր

Լրահոս