Քննարկվում է Սևանա լճից վերցվող`օրենքով սահմանված 170 մլն խմ ծավալը հետագայում որոշակի չափով ավելացնելու հարց
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքին, ոռոգման համակարգի վիճակին, ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների հավաքագրմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:
Նշելով, որ թեեւ գյուղատնտեսական տարին բավականին հաջող է, եւ սպասվում է բավականին առատ բերք` փոխվարչապետը միաժամանակ նկատեց, որ հատկապես Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարման առումով որոշակի լարվածություն է առկա: Այս տարի Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվել է միայն օրենքով սահմանված ծավալը` 170 մլն խմ, որից արդեն սպառվել է 152 մլն խմ-ն, եւ որպեսզի գյուղացիական տնտեսություններին հնարավոր լինի անհրաժեշտ ջրաքանակով ապահովել, նա հատկապես Արարատյան դաշտավայրի ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց առավելագույնս խնայողաբար օգտագործել դեռեւս չսպառված չափաքանակներն ու հնարավորինս արդյունավետ կազմակերպել ոռոգումը:
Սեւանա լճից նվազագույն ջրաքանակ վերցնելու պատճառով այս տարի ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայանները: «Սեւան-հրազդանյան ջրառ» ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ միայն «Մխչյան» եւ «Ռանչպար» պոմպակայանների միջոցով արդեն մատակարարվել է 25 մլն խմ լրացուցիչ ջուր, սպառվել է շուրջ 550 մլն դրամի էլեկտրաէներգիա:
Փոխվարչապետը նշեց, որ գյուղացիական տնտեսությունների պահանջարկն ապահովելու եւ անխափան ոռոգում իրականացնելու նպատակով շահագրգիռ մարմինների հետ քննարկվում է Սեւանա լճից վերցվող` օրենքով սահմանված 170 մլն խմ ծավալը հետագայում որոշակի չափով ավելացնելու հարցը:
Ա. Գեւորգյանը կարեւորեց նաեւ ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրումը` հաշվի առնելով, որ ոռոգման ապահովման համար ժամանակին պետք է վճարվեն էլեկտրաէներգիայի ծախսերը: Նա հորդորեց հետեւողական լինել հատկապես խոշոր հողատերերից վարձավճարների գանձումների հարցում: Հավաքագրումների միջին հանրապետական ցուցանիշը ներկայումս շուրջ 60 տոկոս է:
Փոխվարչապետը նաեւ նշեց, որ համայնքներ այցերի ընթացքում բնակիչները բարձրացրել են փոքր ՀԷԿ-երի հետ կապված խնդիրներ, որոնք ոռոգման շրջանում ջուր վերցնելով` նվազեցնում են ջրի ծավալները: «Գործող օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու – կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Ուստի ոռոգման շրջանի ընթացքում ջուրն առաջնահերթ պետք է ուղղվի ոռոգմանը, ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն ոռոգումից ավելացած ջուրը» ,-ընդգծեց Ա. Գեւորգյանը` ՋՕԸ-երի ղեկավարներին եւս հորդորելով հետեւել այդ ռեժիմների պահպանմանը:
Նա նաեւ տեղեկություններ ներկայացրեց ջրամբարաշինության ծրագրերի ընթացքի մասին: Արդեն հստակ պայմանավորվածություններ կան Կապսի եւ Վեդիի ջրամբարների կառուցման վերաբերյալ: Ակնկալվում է, որ նախագծող ընկերությունները մեկ տարվա ընթացքում կպատրաստեն անհրաժեշտ նախագծերը, եւ մոտ մեկ տարի անց երկու ջրամբարների համար էլ շինարարական աշխատանքների մրցույթներ կհայտարարվեն: Կապսի կառուցման ծրագիրը ֆինանսավորվելու է Գերմանական զարգացման բանկի, Վեդիինը` Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:
Երրորդ` Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը հավանության է արժանացել Քուվեյթի զարգացման հիմնադրամի կողմից, եւ առաջիկայում սպասվում է քուվեյթցի մասնագետների այցը, որից հետո վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Քննարկումներ են տեղի ունենում Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի շուրջ: «Եթե ամեն ինչ հաջող ընթանա, առաջիկա տարիներին կկարողանանք 4 խոշոր ջրամբար շահագործել, ինչն էապես կբարելավի ոռոգման հետ կապված իրավիճակը»,-նշեց փոխվարչապետը` նկատելով, որ մասնավորապես Մաստարայի ջրանցքի կառուցումը զգալի կբարելավի Արմավիր մարզի այն տարածքների վիճակը, որտեղ ոռոգումն իրականացվում է խորքային հորերի միջոցով: Ըստ նրա` թեեւ Արմավիրի մարզի սակավաջուր տարածքներում պետբյուջեի միջոցներով այս տարի ութ նոր խորքային հոր է կառուցվել, իսկ գործողները վերակառուցվել են, սակայն ոռոգման հետ կապված խնդիրը դեռ մնում է: Նա առաջարկեց գնահատել լրացուցիչ խորքային հորերի անհրաժեշտությունը, որպեսզի մինչեւ հաջորդ ոռոգման շրջանը համապատասխան լուծումներ տրվեն:
ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանն իր հերթին կարեւորեց ՋՕԸ-երում թե ֆինանսական, թե ոռոգման աշխատանքների կազմակերպման առումով կարգապահության պահպանումը: Առաջիկայում բոլոր ՋՕԸ-ում քննարկումներ կսկսվեն կատարողականների հետ կապված:
ՋՕԸ-երի ղեկավարները նույնպես տեղեկություններ ներկայացրեցին իրենց սպասարկման տարածքներում իրավիճակի եւ առկա խնդիրների մասին: Մասնավորապես բարձրացվեցին ներքին ցանցերի նորոգման, անհրաժեշտ տեխնիկայի ձեռք բերման հետ կապված հարցեր:
Տարածքային կառավարման նախարարություն