Վտանգավոր աշուն
Թեև տարիներ շարունակ քաղաքական թեժ աշնան սպասումով ապրող Հայաստանում առաջիկա աշնան համար որևէ կոնկրետ քաղաքական ուժ «թեժություն» չի ազդարարել, սակայն այս տարի այն կարող է լինել ամենաթեժը` բոլոր հայտարարված ու այդպես էլ չթեժացած աշունների համեմատ: Առավել ևս, որ այս ամառն էլ առաջին անգամ քաղաքական-քաղաքացիական առումով բավական թեժ ստացվեց:
Բայց առաջիկա աշնան առանձնահատկություններից մեկն այն է, որ քաղաքական թեժությունը, գոնե այս պահի դրությամբ, սպասվում է առանց քաղաքական ուժերի մասնակցության և ամենևին ոչ ներքին գործընթացների պատճառով, ինչպես սովորաբար է ընդունված: Հայաստանի իշխանությունը պատրաստվում է նոյեմբերին Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն գոնե մինչև այս պահը որևէ մեկը հաստատ վստահ չէ, որ դա տեղի կունենա՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումները այդ գործընթացի վերջին փուլում: Մնացած քաղաքական ուժերի մեծ մասը սպասում է այս հարցում իշխանության տապալմանը, այսինքն՝ բացառությամբ մի քանիսի, մյուսները ակնկալում են, որ Ռուսաստանը կհաջողի Հայաստանի իշխանությանը ճնշելու գործում, և իրենք այդ «ալիքի վրա» կկարողանան մասնաբաժին ունենալ նոր-հնարավոր իշխանության կազմում:
Այսինքն` գործող իշխանությունը Հայաստանի համար ճակատագրական այս հարցում, ըստ էության, ներքին դաշնակից կամ գործընկեր չունի, քանի որ իշխանությունն ինքը ձևավորվել ու վերարտադրվել է ոչ թե հասարակության, այլ արտաքին կենտրոնների համաձայնության արդյունքում: Ու հիմա ներքին լեգիտիմությունն արտաքին լեգիտիմությամբ փոխարինած իշխանությունը Հայաստանի համար ճակատագրական նշանակության ընտրություն պետք է կատարի, որի տապալմանը կարող են նպաստել բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց ընտրությունը տարիներ շարունակ խլել է նույն իշխանությունը: Առաջիկա աշունը կարող է լավ հնարավորություն բացել քաղաքական ուժերի համար՝ «խլածը» վերադարձնելու իմաստով: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ արդյունքում կարող է վերջնականապես խլվել Հայաստանի ինքնիշխանությունը, ներկան ու ապագան:
«168 ԺԱՄ»