Գեղանկարիչ Ռաֆայել Մեգալ. Նկարի գինը կոլեկցիոները չի որոշում. Որոշում է աճուրդը

Մեր հայրենակից, նկարիչ Ռաֆայել Մեգալի ստեղծագործությունները ցուցադրվում են եվրոպական երկրների, ինչպես նաև ԱՄՆ լավագույն ցուցասրահներում: Տարիներ առաջ նա հրավեր ստացավ աշխարհի ժամանակակից արվեստի կենտրոն համարվող Լոնդոնում անհատական ցուցահանդես ներկայացնելու: Ցուցահանդեսներից բացի, Ռ. Մեգալի աշխատանքները պարբերաբար հայտնվում են այնպիսի խոշոր աճուրդային կենտրոններում, ինչպիսին «Քրիսթիսն» է: Ֆլորենցիայի Բիենալեին պարբերաբար մասնակցող Ռ. Մեգալի աշխատանքներից մեկը Հռոմի պապի մշակույթի գծով խորհրդական Ֆրանչեսկո Բուրանելլին վերջերս տեղափոխեց Վատիկան:

Rafael (1)

Rafael (8)

Երիտասարդ այս նկարիչը Հայաստանում համարվում է աշխարհում ամենացուցադրվող ժամանակակից հայ նկարիչներից մեկը, որը ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Փարիզում, Մակեդոնիայում, Կանադայում և մի շարք այլ երկրներում: Շուտով Ռ. Մեգալը կրկին կմեկնի Ֆլորենցիա՝ իր «Մարութա սարը» մասշտաբային, չափազանց ազդեցիկ ստեղծագործությունը ներկայացնելու: Օգտագործելով հայկական խորհրդանիշները՝ նա փորձել է կենդանիների միջոցով ներկայացնել չարի և բարու պատերազմը: Գարնանը Ռ. Մեգալը կմեկնի Լոս Անջելես՝ ցուցահանդես ներկայացնելու և, ելնելով ծանրաբեռնվածությունից, ինչպես ինքն է ասում, հավանաբար չի կարող այս տարի Շվեյցարիայում անհատական ցուցահանդես ներկայացնելու հրավերը հաստատել:

Rafael (9)

Rafael (7)

Rafael (6)

Ռ. Մեգալը միշտ վերադառնում է Հայաստան, քանի որ իր ամենանվիրական զգացողությունները կապված են Հայաստանի հետ: Ինչևէ, Ռաֆայել Մեգալը, երկար տարիներ ապրելով Հայաստանում և ԱՄՆ-ում, ինքնուրույն կարողանում է ստեղծել կապեր, խելամիտ և կազմակերպված ներկայացնել իր արվեստը, համագործակցել art-դիլերների հետ և քայլել աշխարհի արվեստի զարգացումներին համընթաց: Ինչպես հայտնի է՝ այսօր աշխարհում հրեաների կողմից է կառավարվում արվեստի ստեղծագործությունների վաճառքի բիզնեսը, որտեղ մուտք գործելը չափազանց բարդ է: Մենք փորձեցինք նկարչի հետ զրուցել արվեստի շուկայի, ինչպես նաև Հայաստանում այդ ոլորտի խնդիրների շուրջը:

– Բնականաբար, գոյություն ունեն գալերիստներ, կարող ես մասնակցել ցուցահանդեսների, բայց գոյություն ունի առավել կայուն, բարձր դասի համագործակցություն, որն է՝ դու միայն նկարում ես, և ոլորտի մասնագետները քեզ ներկայացնում են ողջ աշխարհում: Այնուհետև նկարչի անունն արդեն թնդում է աշխարհի լավագույն աճուրդային կենտրոններում: Ամբողջ աշխարհում նաև բանկային համակարգն է աճուրդային կենտրոնների և նկարիչների հետ աշխատում՝ նկարը որպես գրավ դիտարկելով և այլն: Այս ոլորտում մեծ աշխատանք է կատարում ԱՄՆ քաղաքացի, աշխարհահռչակ հայազգի գալերիստ Lարի Գագոսյանը, որը, սակայն, ունենալով մի քանի գալերեաներ՝ հայ նկարիչների հետ ընդհանրապես չի աշխատում: Հայ նկարիչներից միայն Արշիլ Գորկի է ներկայացնում: Ինձնից մի գործ ունի, բայց որքան ես տեղյակ եմ՝ նա չի ցանկանում առհասարակ հայ նկարիչների հետ համագործակցել: Պատճառը չգիտեմ, բայց նա հսկայական աշխատանք է կատարում: Ինձ համար համաշխարհային արվեստի դռները բացվեցին 2008 թ., երբ Բևեռլի Հիլզի ցուցասրահներից մեկը ներկայացրեց ինձ Նյու Յորքի Art-exspo-ում: Դրանից հետո սկսվեց ցուցահանդեսների հրավերքների շատ մեծ շարժ:

– Հայ ժամանակակից նկարիչներից շատերը պնդում են, որ նկարիչը միայն պետք է ստեղծագործի, իսկ վաճառքով և տարբեր նախագծերի մեջ ներգրավելու կազմակերպչական հարցերով պետք է զբաղվեն գալերիստներն ու art-դիլերները: Բնականաբար, դա աշխարհում ընդունված, բայց Հայաստանում առայժմ անհնար մոդել է: Այսօր շատերին չի հաջողվում արվեստը ռեալիզացնել ոչ միայն մեր երկրում, այլև միջազգային հարթակներում: Ի՞նչ պետք է անել:

Rafael (4)

Rafael (3)

– Մենք ապրում ենք 21-րդ դարում, պետք է լինել ունիվերսալ: Նկարիչն իսկապես միայն պետք է ստեղծագործի, և դա բոլոր նկարիչների երազանքն է, բայց միայն ստեղծագործելով չես կարող աշխարհի զարգացումների հետ համաքայլ գնալ կամ միայն ստեղծագործելով չես կարող Հայաստանում ապահովել ընտանիքիդ գոյությունը: Ի վերջո, ստեղծագործությունը պետք է նաև իրացնել, որպեսզի նոր ստեղծագործություններ ծնվեն: Նկարչի համար նույնքան կարևոր են ցուցահանդեսները, որովհետև հնարավորություն ես ունենում քո ստեղծածին նայել այլ հայացքով: Ինքդ քեզ կողքից նայելու առիթ է ստեղծվում: Դրանից բացի, նկարիչը ոգևորություն է ապրում թե՛ ցուցահանդեսներից, թե՛ նկարի վաճառքից:

– Ռաֆայել, Դուք նաև ապրում եք ԱՄՆ-ում, ի՞նչն է Ձեզ այստեղ պահում, այն դեպքում, երբ հատկապես արվեստագետներից շատերն ուղղակի փախչում են երկրից:

– Այո, տարվա մի մասն ապրում եմ դրսում և այնտեղ էլ ստեղծագործում եմ: Որ երկրում ապրում եմ՝ այնտեղ նաև նկարում եմ: Դրսում տուն, արվեստանոց չունեմ, բայց դա ինձ չի խանգարում այնտեղ էլ ստեղծագործել: Օրինակ՝ վերջերս ընկերոջս հետ Փարիզում էի. գիշերը որոշեցի նկարել ու, քանի որ այդ պահին նյութեր չունեի, նկարեցի շամպունով, ատամի մածուկով, և մինչև հիմա նկարն ինձ մոտ է:

Գիտե՞ք, իրականում փակուղին մարդու մեջ է, որովհետև, ճիշտ է, Հայաստանում շատ դժվար է, բայց դրսում առավել դժվար է, որովհետև չեք կարող պատկերացնել, թե այլ երկրներում որքան նկարիչներ կան, ու այդ դաշտ մուտք գործելը որքան բարդ է: Մեզ համար այսօր աշխարհի հետ կապ ստեղծելու հրաշալի տարածք է համացանցը, և արժեքավոր ամեն բան հաստատ չի կարող ուշադրությունից դուրս մնալ: Ի վերջո, անհնարին ոչինչ չկա: Պարզապես Հայաստանում մշակույթի, արվեստի համար գրեթե ոչինչ չի արվում՝ սկսած ֆինանսավորումից վերջացրած ցուցասրահներով և դրսից հեղինակավոր մարդկանց հրավիրելու անհրաժեշտությունն անուշադրության մատնելով: Արդյոք հնարավոր չէ՞ նույն Լարրի Գագոսյանին հրավիրել Հայաստան, կամ Գերհարդ Ռիխտերին, որն այսօր աշխարհի ամենահայտնի նկարիչներից է: Ո՞վ պետք է գիտակցի նման մարդկանց Հայաստան բերելու, նրանց գիտելիքները, իմացությունը, փորձը փոխանակելու կարևորությունը:

Անկեղծ ասած՝ Հայաստանում այսօր արդեն ինձ, հարազատներից, ընկերներից բացի, պահում է միայն գյուղը: Գյուղի մարքրությունը, տատիկները, պապիկները, գյուղում արված իմ էտյուդներն ինձ համար շատ թանկ են: Ինձ համար աննկարագրելի թանկ բան է, երբ տատիկ-պապիկները լավաշ-պանիրով գալիս են ընդառաջ ու ասում են՝ տղա ջան, կեր, սոված կլինես, ծարավ կլինես, սուրճ խմիրգ Այդ մաքրությունը, այդ հոգատարությունն ամենանվիրական բանն է: Էս վերջերս Գառնի եմ գնացել, ծանոթացել եմ մի շատ լավ ընտանիքի հետ. ինձ ասում են՝ տանը որ չլինենք, բանալին այսինչ տեղից կվերցնես, կմտնես տուն: Շշմել էիգ աշխարհում նման երևույթի չես հանդիպի, մարդն իր տան բանալին առանց վարանելու հանձնում է քեզ:

Rafael (6)

Քաղաքի օդի մեջ լարվածություն կա: Շատ եմ մտածում այսօրվա իրականության մասին, շատ պաշտոնյաների կոշտ ձևակերպումներով ներկայացրել եմ կարծիքս: Արամ Խաչատրյանի հետ կապված մի հետաքրքիր դիպված կա: Ասում են՝ նա երկու տարի ընդհանրապես չի գրել: Շատ նյարդային փուլ է ապրել, դժգոհել է երկրի վիճակից, մշտապես կարծիք է հայտնել, որ վատ արվեստ է ներխուժումգ Ռախմանինովն ասել է՝ չէ՞ որ երկու տարի չգրելով՝ դու ինքդ ամենաշատ վնասը հասցրիր քո սիրած պետությանըգ Այսինքն՝ արվեստագետը կարող է փոխել իրականությունը հենց իր ստեղծագործություններով:

– Արվեստագետներից շատերը դիմում են խաբեությունների: Օրինակ՝ ոմանք կեղծ տեղեկատվություն են տարածում, իբրև թե ցուցադրվել են այսինչ երկրների հեղինակավոր այսինչ ցուցասրահներում: Այնինչ պարզվում է, որ ընդամենը հայաշատ որևէ երկրում մի ռեստորանի նախասրահում, միջանցքում փոքրիկ ցուցադրություն են ունեցել կամ առհասարակ չեն ցուցադրվել: Հաճախ դիմում են խաբեության՝ գների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելով: Սուտ ինֆորմացիա են տարածում, թե Փարիզի կամ ԱՄՆ-ի խոշոր կոլեկցիոներները կամ գալերիստներն իրենց աշխատանքները աստղաբաշխական գումարներով են գնում, սակայն երբ պահանջում ես որևէ հավաստագիր կամ փաստաթուղթ, պարզվում է՝ նման բան գոյություն չունի:

– Նկարի գինը չի որոշում կոլեկցիոները, այլ որոշում է աճուրդը: Որևէ հեղինակավոր սրահում ցուցադրվելիս մարդիկ մոտենում են նկարչին և հարցնում են նկարի գինը: Դու պետք է հիմնավորես նկարի քո նշած գինը, որովհետև չես կարող ասել, օրինակ, մեկը խմած եկել, 1 միլիոն դոլարով ինձնից նկար է գնել: Այսինքն՝ աշխարհում այսօր դա արվում է շատ քաղաքակիրթ մոդելով, որովհետև նկարիչը տեղեկություն կամ փաստաթուղթ է ներկայացնում, համաձայն որի՝ աճուրդում իր ստեղծագործությունը գնահատվել և վաճառվել է այսինչ գնով:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս