Աբդուլլահ Օջալանին վերադարձրել են նախկին բանտախուց
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ բավարարվել է իրեն ավելի լայնարձակ բանտախուց տրամադրելու մասին քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պահանջը, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում:
Այս մասին հայտարարել է քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Վերջինիս խոսքերով՝ Օջալանին վերադարձվել է այն բանտախուցը, որտեղ նա գտնվել է կալանավորվելուց հետո մինչև 2009 թվականը:
Դեմիրթաշը հավելել է, որ աշխատասեղան ունեցող այդ բանտախցի տարածքը կազմում է 20 քառակուսի մետր, մինչդեռ 2009 թվականից ցայժմ Օջալանը պահվում էր 12 քառակուսի մետր տարածք ունեցող բանտախցում:
Հիշեցնենք, որ ազատազրկման այդ 14 տարիներին Օջալանն ընթերցել է մոտ 2300 գիրք և պարբերական: Օջալանը Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է 1999 թվականի փետրվարի 15-ին Քենիայում:
1999 թվականի հունիսի 29-ին թուրքական դատարանը Թուրքիայի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով («ահաբեկչական կազմակերպություն հիմնել և ղեկավարել») Օջալանին դատապարտեց մահվան: Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրդերի շրջանում և ԵՄ-ում, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999 թվականի նոյեմբերի 25-ին բեկանեց այդ վճիռը՝ այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ:
2010 թվականի ամռանը Թուրքիայի արդարադատության նախկին նախարար (1999–2002) Հիքմեթ Սամի Թուրքը, պարզաբանելով, թե ինչու ժամանակին իրենք մահապատժի չենթարկեցին Օջալանին, հայտարարեց, որ այն ժամանակ իրենք Օջալանի հետ միասին պետք է կախաղան բարձրացնեին ևս 60 հոգու, բայց քանի որ դրանով ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կվերածվեր կախաղանների երկրի, ուստիև իրենք հրաժարվեցին այդ գաղափարից:
2012 թվականի մարտի վերջին թուրք հայտնի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը գրեց, որ 2008 թվականի տվյալներով` Աբդուլլահ Օջալանին Իմրալը կղզու բանտում պահելը պետության համար տարեկան արժենում է 45 միլիոն լիրա (25 միլիոն դոլար):