
Իրանը մտադիր է մշտական գիտակայան հիմնել Անտարկտիդայում

Իրանական FARS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար, դերծովակալ Ղոլամ Ռեզա Խադեմ-Բիղամը հայտարարել է, որ Իրանը մտադիր է մշտական գիտակայան հիմնել Անտարկտիդայում.
«Անտարկտիդայի ջրերի հետազոտման հարցը գտնվում է Իրանի օրակարգում: Առաջին փուլում այդ մայրցամաքում մեր ներկայությունը կարող է իրականացվել այլ երկրների հետ համագործակցության շրջանակներում, որոնք արդեն վաղուց աշխատում են այնտեղ: Հաջորդ փուլը պետք է լինի ինքնուրույն գործունեությունը:
Հետազոտություններ իրականացնելու և այդ լայնություններում նավիգացիոն հմտություններ ձեռք բերելու համար երկրի Օվկիանոսագրական ինստիտուտը պատրաստում է մի քանի գիտական էքսպեդիցիա: Ամենաառաջիններն օգտագործվելու են Իրանի ռազմածովային ուժերի սեփական կարիքների համար: Նախագծի հետագա փուլերում Օվկիանոսագրական ինստիտուտը կունենա սեփական գիտահետազոտանավերը:
Հյուսիսային ու Հարավային բևեռներում գիտական գործունեություն իրականացնող երկրների համար գոյություն ունեն մի շարք արտոնություններ ու նախապատվություններ: Բազմաթիվ երկրներ արդեն իսկ հետազոտական աշխատանքներ են իրականացնում այնտեղ, որոնց արդյունքների կարիքը կզգացվի ոչ թե ներկայումս, այլ՝ մոտ ապագայում: Մեզ անհրաժեշտ է ներկա գտնվել այնտեղ և Անտարկտիդայում ստեղծել մշտական գիտաբազա՝ չնայած չենք սպասում, որ դա կլինի պարզ առաջադրանք»: