«Տոնուսի» գործը հնարավոր է հայտնվի գլխավոր դատախազությունում. Պարտքը հասնում է 18 մլն դոլարի
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ՍՊԸ-ի գործը, որը հունիսի 14-ին սնանկ է ճանաչվել, հնարավոր է հայտնվի ՀՀ գլխավոր դատախազությունում: Ինչպես 168.am-ին հայտնեց «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը, ընկերության գործունեությունը դեռ ուսումնասիրվում է, բայց շատ հնարավոր է, որ գումարներ կորած լինեն:
«Գումարների յուրացումը հարաբերական է, եթե նման բան պարզվի, դա իրավապահ մարմինների խնդիր կլինի: Կարող եմ ասել՝ ես տեսնում եմ, որ հնարավոր է գումարներ կորած լինեն, բայց դա ամբողջ գործն ուսումնասիրելուց հետո կպարզվի, ու այդ դեպքում ես կդիմեմ գլխավոր դատախազություն: Մոտ 20 օրից ամեն ինչ ավելի հստակ կլինի»,- ասաց Հ. Ղամբարյանը:
«Տոնուսի» գործունեությունից բողոքավոր են ընկերության կողմից կառուցվող Փափազյան 118/1 և Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում 44/4 բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարան ձեռք բերած քաղաքացիները: Մինչ այժմ ընկերության հանդեպ 206 պահանջ է ներկայացվել՝ քաղաքացիների, շինարարական կազմակեպությունների, «Արցախբանկի» կողմից: Ընդհանուր առմամբ՝ պահանջ է ներկայացված 4 մլրդ 10 մլն դրամի և 7 մլն 876 հազար դոլարի, որի մեջ ներառված են և´ բանկի, և´ հարկային մարմինների, և´ բոլոր քաղաքացիների ու ընկերությունների պահանջները: Սակայն դրանց մի մասի դեմ առարկություններ են ներկայացվել՝ մի մասը հենց սնանկության գործով կառավարչի կողմից, մի մասը «Տոնուսի», մի մասն էլ 57 քաղաքացիներ միասին առարկել են «Արցախբանկի պահանջը: Թե դատարանը երբ կավարտի այս գործերի քննումը, Հ.Ղամբարյանը դժվարացավ պատասխանել: Պահանջատերերի բողոքները քննվում են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որի կողմից պարտատերերի ցուցակը հաստատվելուց հետո արդեն կհրավիրվի առաջին ժողովը: Այն նախատեսվում էր օգոստոսի 23-ին, բայց հետաձգվել է, մինչև դատարանի վճիռը:
Սնանկության գործով կառավարիչը հայտնեց, որ «Տոնուսի» գույքագրումը վերջացրել են, հիմա պետք է ակտիվները տրվեն գնահատման, որից հետո դրանք կվաճառվեն:
«Բայց խոսքը չի գնում շենքերի վաճառքի մասին, որովհետև այս ամենի արդյունքում մարդիկ պետք է իրենց բնակարանները ստանան: Այսինքն՝ այն ակտիվները, որոնք կապված չեն շենքի հետ՝ տեխնիկա և այլն, դրանք կօտարվեն, որոշակի գումար այդտեղից կստացվի: Նաև քաղաքացիները, որոնք իրենց բնակարանների համար ամբողջ գումարը չէին վճարել, պակասը կվճարեն: Գումարը հստակեցվում է, մարդ կա 100 % է վճարել, մարդ կա 50-60%: Ենթադրում ենք, որ մի փոքր գումար կպակասի, որը հավանաբար, մարդկանց հետ կբանակցենք, շատ քիչ հավելավճար տան, որն ընդունելի չափ կլինի: Պետք է աշխատենք, որ իրավիճակը փրկենք»,- ասաց Հ.Ղամբարյանը:
Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել պատճառների մասին, բայց որ «Տոնուս» ՍՊԸ-ն այս պահին իսկապես սնանկ է, դա փաստ է: Բայց թե ինչու է գործը դրան հասել, ըստ Ղամբարյանի, դա հետո կպարզվի. «Փաստաթղթերը մեծածավալ են, մի քանի մասնագետներ այժմ ուսումնասիրում են դրանք, այդ թվում՝ նախկին օտարումները, ոչ միայն այս երկու շենքի հետ կապված, որովհետև «Տոնուսն» էլի է շենք կառուցել ու վաճառել: Շատ հնարավոր է՝ արմատները այնտեղից գան: Հնարավոր է՝ գումարը վարկ է վերցրել այս շենքերի համար, բայց ծախսել է մյուս շենքն ավարտելու համար»:
«Տոնուսը» նախկինում շահագործման է հանձնել Խորենացի 47/7 հասցեում բազմաբնակարան շենքը, որտեղից 1 պահանջ կա՝ քաղաքացին բնակարանի գումարը վճարել է, բայց չի հասցրել ձևակերպել փաստաթղթերը, նաև շենքի առաջին հարկում 3 ազատ տարածք կա, որոնք ենթակա են օտարման: Նար Դոսի շենքը և Այգեձորում առանձնատներն օտարվել են մինչև սնանկացումը: Ընկերությունը ևս 1 շենք Աբովյան քաղաքում է կառուցել, որն ամբողջությամբ օտարված է, բացի մի քանի ավտոկայանատեղերից:
«Մենք հիմա բոլոր ուղղություններով փորձում ենք գտնել ազատ ակտվներ»,- նշեց Հ.Ղամբարյանը: