Բաժիններ՝

Որտե՞ղ կլինի Թուրքիան 2050-ական թվականներին. Radikal

Թուրքական Radikal թերթում հրապարակվել է Մեթին Էրջանի «Որտե՞ղ կլինի Թուրքիան 2050-ական թվականներին» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Միջազգային տարբեր կառույցների, բանկերի ու հետազոտական կառույցների կանխատեսումները վկայում են, որ զարգացած տնտեսությունների և առաջին հերթին G-7-ի (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ճապոնիա, Կանադա) աճի տեմպերը դանդաղելու են և նրանց փոխարինելու են այլ երկրներ:

Այդ երկրների թվում գլխավորապես նշվում են BRICS-ի երկրները՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան: Բոլոր հետազոտություններում կանխատեսվում է, որ Չինաստանը դառնալու է աշխարհի խոշորագույն տնտեսությունը, իսկ նրան հաջորդելու են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը՝ թեև նրանց տեղերը կարող են փոխվել:

Ենթադրվում է, որ Ինդոնեզիայի, Մեքսիկայի ու Թուրքիայի վարկանիշն աճելու է G-20-ում: Ընդ որում, Հարավային Կորեան, որին ոմանք արդեն իսկ դասում են «զարգացած» տնտեսություն ունեցողների թվին, դոփելու է իր տեղում կամ էլ մասնակի աճ է արձանագրելու:Դրա հետ կապված՝ կարելի է ենթադրել, որ տնտեսական այդ մրցակցության մեջ Թուրքիայի մոտակա մրցակիցները լինելու են Մեքսիկան ու Ինդոնեզիան:

Ակնկալվում է, որ Թուրքիայի տնտեսական աճի տեմպը կազմելու է 2.8-4.3 տոկոս, և ենթադրվում է, որ աճի այդպիսի տեմպերով Թուրքիան 2050-2060-ական թվականներին խոշորագույն տնտեսությունն ունեցողների վարկանիշային աղյուսակում ներկայիս 17-րդ տեղից կբարձրանա 12-րդ տեղ:

Թուրքիան կարող է 2041-2045 թվականներին մտնել աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրների տասնյակի մեջ՝ միայն տարեկան միջին հաշվով 5 տոկոսանոց աճի դեպքում: 1980-2012 թվականներին Թուրքիայում տնտեսական տարեկան աճը միջին հաշվով կազմել է 4.2 տոկոս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս