Հոգեբան. «Մինչ ամուսնությունը երիտասարդները հիմնականում չեն կարողանում ռեալ գնահատել իրենց սոցիալական վիճակը»
Կա ստի երեք տեսակ` պարզապես սուտ, չարամիտ սուտ և վիճակագրություն: Սա, ըստ Դիզրայելիի, սակայն ներկայումս, թեկուզ և ոչ միանշանակ և ամբողջական, բայց և այնպես այս կամ այն երևույթի մասին պատկերացումներ ձևավորողն ու փաստերով խոսելու հնարավորություն տվողը հենց վիճակագրությունն է: Նույն վիճակագրական տվյալների համապատասխան` Հայաստանում կտրուկ աճ է գրանցել ամուսնալուծությունների թիվը` 14.2 տոկոս, դրան զուգահեռ 5.8 տոկոսով նվազել է ամուսնությունների թիվը: Բացի այդ, ըստ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի` Շիրակի մարզում արձանագրվել է ամուսնալուծությունների թվի նվազում:
Հարցախույզ իրականացնելով Գյումրիի հոգեբանների շրջանում` եկանք այն եզրակացության, որ մեր իրականությունում, մասնավորապես` Գյումրիում, երիտասարդ զույգերը, ելնելով ազգային առանձնահատկություններից, ընտանիք կազմելուց առաջ սովորաբար կանգնում են բազմապիսի խնդիրների առջև` հոգեբանական, սոցիալական և այլն, քանի որ մինչ ամուսնությունը երիտասարդները հիմնականում չեն կարողանում ռեալ գնահատել իրենց սոցիալական վիճակը. աշխատանքի բացակայությունը կամ ցածր վաստակը հանգեցնում են սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտային իրավիճակների:
Ամուսնական կյանքի հետագա ընթացքում օր օրի աճող հակասությունները կոնֆլիկտի մեջ են ներգրավում հարազատներին` ավելի խորացնելով միջանձնային և ներընտանեկան հաբարերությունները: Ըստ մեր զրուցակից հոգեբանների` կարևոր հանգամանք է հանդիսանում նաև այն, որ ընտրության իրավունքը ներկայումս լիովին տրված է երիտասարդներին, իսկ ամուսնությունից հետո զույգն այսպես, թե այնպես ապրում է բազմակառույց ընտանիքում, որտեղ կան ծնողներ ու ընտանիքի այլ անդամներ, և հարաբերությունների ձևավորման վրա ազդում են ընտանիքի բոլոր անդամները: Նրանք կարող են կա՛մ սրել, կա՛մ մեղմել հարաբերությունները, կամ էլ՝ այս հակադիր իրավիճակները կարող են դրսևորվել ընտանիքի տարբեր անդամների հակադիր դիրքորոշումների արդյունքում:
Նման պայմաններում շատ կարևոր` հարթեցնող, կարգավորող դեր կարող են խաղալ ազգային ու կրոնական սովորույթները, կարգն ու կանոնը, սակայն ներկայումս նկատելի է՝ այդ ավանդույթները գնալով վերափոխվում են: Կարելի է ասել, որ ազգային արմատներից և եկեղեցուց օտարվելը երիտասարդների` միմյանց նկատմամբ անհանդուրժողականության դրսևորման հիմնական պատճառներից է: Գյումրին մշտապես աչքի է ընկել իր ադաթներով և ազգայինին հետևելու «չգրված օրենքով», սակայն, մյուս կողմից՝ մեծ հարց է, թե որքանո՞վ են ճիշտ գյումրեցու ներկայիս պատկերացումները ազգայինի և ավանդական ընտանիքի վերաբերյալ:
Ըստ հոգեբանների` հարաբերությունների կարգավորման խնդրում անձը մնում է սեփական տեսակետով միայնակ, կտրված ազգային զարգացման ընթացքում ձևավորված հզոր մեխանիզմներից: Նման պայմաններում մեծանում է հարաբերությունների խզման, զույգի` միմյանցից խորթացման հավանականությունը:
Անդրադառնալով ԱԺ կողմից ընդունված «Գենդերային հավասարության մասին» օրենքին, հոգեբանները նշում են, որ տվյալ օրենքն «է՛լ ավելի է հեռացնում հայ մարդուն ազգային և կրոնական արմատներից, քանզի ազգայինի շրջանակներում մնալն ամուր և առողջ ընտանիքի ստեղծման գրավական է, իսկ դրանից հեռանալը կհանգեցնի հակառակ սեռի ներկայացուցիչների միջև ներդաշնակության խաթարմանն ու հարաբերությունների անկմանը»:
«Հայկական ավանդական ընտանիքում երեխաների դաստիարակման մեջ արգելքները դրվել են բացահայտ կերպով, իսկ հասանելի թույլատրությունները քողարկված են եղել` լուծված ազգային ծեսերում, սովորույթներում, խաղերում: Դա վերաբերում է նաև սեռական դաստիարակության հարցերին, երբ ազգային սովորույթներին հետևելը ձևավորում են ինչպես սեռական պատկանելիության, այնպես էլ ընտանիքում և հասարակության մեջ անհատի դերի և պարտականությունների ճիշտ ընկալումներ»,- ասաց հոգեբաններից մեկը:
Գյումրի