«Կիկլիկիան» չի փակվում, բոլոր խնդիրները լուծված են. մամուլ
«Կիլիկիա» գարեջրի հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Դեռ մեկ շաբաթ առաջ ամռան այս տապին հայաստանյան շուկայում նվազել էր «Կիլիկիա» գարեջուրը, և տեղեկություններ էին տարածվել, թե պատճառը ոչ թե լայն սպառումն է, այլ հարկայինի հետ ունեցած խնդիրները, ինչի պատճառով էլ, ի նշան բողոքի, դադարեցվել են գործարանի աշխատանքները»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
Նույնիսկ լուրեր տարածվեցին, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբին) պատկանող գործարանը գրեթե չի գործում, և նա պատրաստվում է այն վաճառքի հանել։
Թեև Հ. Հակոբյանը հերքում էր իր գործարանի փակման մասին լուրերը, այնուամենայնիվ, փաստ էր, որ «Կիլիկիա» գարեջուր խանութներում գրեթե չկա։ Բայց արդեն մի քանի օր է, ինչ խանութները նորից լցվել են այս գարեջրով:
Ի՞նչ փոխվեց մեկ շաբաթում, հարթվեցի՞ն արդյոք բոլոր խնդիրները` հարցրինք Հակոբ Հակոբյանին: Նա նախկինի պես զարմացավ գործարանի հետ կապված խնդիրների, առավել ևս դրանց լուծման մասին հարցադրումից: «Բայց ի՞նչ է եղել որ, մեր գործերը միշտ էլ լավ են եղել: Էն ժամանակ չգիտեմ ինչ է եղել, երևի լավ է եղել սպառումը, դրա համար էլ գարեջրի պակաս է զգացվել»,- փորձեց մանևրել ՀՀԿ-ական պատգամավորը, հետո հանկարծ հիշեց, որ գործարանը տեխնիկական խնդիրներ է ունեցել. «Ես, ճիշտն ասած, էդքան չեմ զբաղվում գործարանի հարցերով, բայց իմացա, որ հոսքագծերից մեկն է փչացել, բայց բերել` նորն են տեղադրել»: Պատգամավորից ճշտեցինք` ապագայում գործարանին վտանգ չի՞ սպառնում, փակվելու հեռանկար չկա՞: «Չի կարող փակվել էդ գործարանը, ո՞նց կարա փակվի»»:
Շարունակությունը` «Հրապարակի» այսօրվա համարում: