
Փայտն ունի երկու ծայր՝ գների թանկացումը բերում է սպառման անկման. Գագիկ Մակարյան

«Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով բարձրացումն էական ազդեցություն չի ունենա, քանի որ բանկերը օգտագործում են ավանդների գումարները, ոչ թե ԿԲ հատկացումները: Այսօր ՀՀ-ում վարվում է մի քաղաքականություն, որն ուղղված է հեշտացնելու վարկավորման պայմանները: Վարկային քաղաքականության վրա դա էականորեն դա չի ազդի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ տարբեր կառույցների կողմից ՓՄՁ զարգացման համար բավականին լուրջ գումարներ են ուղղվել, գյուղվարկերը տրվում են 11%-ով, որոշ բանկեր 6-8%-ով պատրաստ են ներմուծվող սաքավորումները վարկավորել:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում գնաճը երբեք կանոնակարգված մեխանիզմ չի ունեցել, այն բազաթիվ գործոններով է պայմանավորված: Ակնհայտ է, որ էներգակիրները պետք է թանկացնեն ապրանքները, սակայն, ինչպես նկատեց բանախոսը, փայտն ունի երկու ծայր՝ գների թանկացումը բերում է սպառման անկման, սպառողների թվաքանակն է պակասել:
«Գների էական թանկացումը ռիկսային է դառնում: Ավելի շատ թանկանում են մթերքները, խանութներում գների 20% աճ եմ նկատում և այդ միտումը կարող է շարունակվել, քանի որ էներգակիրները էական ազդեցություն են ունենալու»,- ասաց Գ.Մակարյանը: