
«Մրցակցության կառույց ստեղծելը մոտավորապես նույն բանն է, ինչ անառակ տանը կուսության բաժին բացելը». Հարություն Մեսրոբյան

Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելը տնտեսական իմաստով ազդեցություն գրեթե չի ունենա, քան որ ՀՀ-ում տոկոսադրույքների ինստիտուտը չի աշխատում, բայց դա ազդակ է, որ սղաճի հետ ՀՀ-ում խնդիր կա, որը սկսվեց էներգակիրների թանկացումով: Նման տեսակետ այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Ըստ նրա՝ սոցիալապես անապահով խավի համար գնաճը պետք է հաշվվի 50-60 ապրանքատեսակների և կոմունալ վճարների համար: Օրինակ՝ երբ գնաճը 9.4% էր, հասարակ մահկանացուի համար իրականում 24% էր: Հիմա եթե հայտարարվող գնաճը 8.1% է, ապա անապհով խավի համար 20%-ից բարձր է: Հետևապես, Մեսրոբյանի կարծիքով, խոսել գնաճի զսպման մասին ճիշտ չէ:
«Բայց ոչ ոք չի ուզում այդպես հաշվել, և դա չի մտնում բյուջեի 4±1.5% հաստատված ցուցանիշի սահմաններում»,- ասաց Հ. Մեսրոբյանը:
Նա նշեց, որ վերաֆինանավորման տոկոսադրույքն այն փողի գինն է, որ ԿԲ-ն՝ որպես վերջին ատյանի վարկառու, վարկ է տալիս բանկերին. «Սա ազդակ է, որ գները իրենց լավ չեն պահում: Բայց դա իրական շուկային չի ազդելու»:
Հ. Մեսրոբյանի գնահատականով՝ տնտեսությունն օլիգարխված է, պետական պաշտոնյան սերտաճած է բիզնեսի հետ. «Մրցակցություն բառը սրբապղծություն է ասել, ուր մնաց այն պաշտպանող կառույց ստեղծել: Մոտավորապես նույն բանն է, որ անառակ տանը կուսության բաժին բացեն: ՏՄՊՊՀ-ն միայն արևմուտքին ցույց տալու համար է: Մեր տնտեսությունը, մեր պետությունը անմրցունակ է»: