Բաժիններ՝

Կվերանայվի ՞ Ախուրյանի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը

Վերջերս 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքը մարզկենտրոնին կապող միակ տրանսպորտային գծի ուղեվարձի թանկացմանը: Ինչպես նշել էինք` Ախուրյանում գործող միակ ուղևորափոխադրման միջոցներն անհատական տաքսիներն են: Ժամանակին գործում էին Ախուրյանը քաղաքին կապող ավտոբուսներ, սակայն հետագայում վերջիններս հանվեցին շահագործումից: Փոխարենը գործի դրվեցին միկրոավտոբուսներ, որոնք սկզբնապես բնակիչներին սպասարկում էին 50 դրամ տրանսպորտային ուղեվարձով:

Հետագայում, անհասկանալի պատճառներով գիծը մնաց «անտեր». շահագործումից հանվեցին նաև միկրոավտոբուսները և 100 դրամ ուղեվարձով գործող տաքսիները մնացին որպես միակ կապ՝ համայնքի և քաղաքի միջև:
Գրեթե երկու ամիս է, ինչ Գյումրին Ախուրյանին կապող անհատական տաքսիներն ինքնագլուխ բարձրացրել են տրանսպորտի ուղեվարձը: Բնակիչների բողոքներն ու հորդորները` ուղեվարձը թողնել նույնը, անտեսվել են: Սակայն մարզպետարանի տեղեկացմամբ՝ որևէ ուղեգծի վարձի թանկացում մինչ օրս չի եղել: Անհասկանալի է, թե ինչպես կարելի է անտեսել համայնքը քաղաքին կապող տրանսպորտային միջոցների վարձի թանկացումները, այն էլ այն դեպքում, երբ համայնքից բավական մեծ թվով պատանիներ ու երիտասարդներ սովորում են Գյումրիի տարբեր դպրոցներում և համալսարաններում: Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին. «Տաքսիստների մեջ խոսակցություններ էին գնում, թե օգօոստոսի 8-ին գծի սպասարկման համար մրցույթ է լինելու, իսկ 10-ից կամ 12-ից էլ միկրոավտոբուսներ էին տրամադրելու գիծը սպասարկելու համար»: 12-ն էլ եկավ-անցավ, սակայն ոչ մի փոփոխության ականատես չեղանք: Բնակիչները, չնայած նրան, որ բողոքում և բարձրացնում են իրենց ձայնը, սակայն ներկա պահին չվճարել 150 դրամները չեն կարող. «Ինքս եմ ականատես եղել, թե ինչպես 100 դրամ տվող ուղևորին վարորդը «մունաթով» զգուշացնում է՝  էլ էս մեքենան չնստել», – նշում է համայնքի երիտասարդ բնակիչներից մեկը, ով իր անունը չցանկացավ հայտնել: Բնակիչների մի մասն էլ, հասկանալով իրավիճակն ու ընդառաջ գնալով տաքսիստներին, վճարում է 150 դրամն ու իջնում. «Թանկացումները կթողնե ՞ն, որ էս մարդիկ էլ մի երկու կոպեկ փող աշխատեն»:
Մոտ երկու ամիս է՝ համայնքում նման իրավիճակ է, սակայն բնակիչները փոփոխությունների հույսով սպասում են խնդրի  հետագա ընթացքին ու հանգուցալուծմանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի` Ախուրյանի համայնքում անցկացրած հանդիպման ընթացքում ևս բարձրացվեց համայնքի ուղևորափոխադրման խնդիրը, ինչին ի պատասխան նշվեց, որ հարցը կքննարկվի և հետագայում ուղեգիծը սպասարկող մի քանի միկրոավտոբուսներ կտրամադրվեն:

Գայանե Ավետիսյան
Գյումրի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս