Բաժիններ՝

«Ավելի զգույշ ու խելացի բիզնեսում». Ինչու են կին գործարարները քիչ

2008 թվականին Հայաստանում ընդամենը 729 բիզնես կար, որոնց սեփականատերը կանայք էին։ Բացի այդ՝ կային մոտ 5000 կին մենեջերներ: 5 տարի անց այդ թվերը մոտավորապես կրկնապատկվել են՝ կա 1500 կին սեփականաետեր և 7000-8000 կին մենեջեր: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, կանայք շատ վատ են ինտեգրված բիզնեսում:

«Կանայք կրթված են, ավելի զգույշ ու խելացի են բիզնեսի մեջ, ավելի շատ են օրենքին հետևում, ստուգող մարմիններն իրենց հետ ավելի կոռեկտ են վարվում, բայց կանայք ունեն մի խնդիր՝ իրենք չունեն սեփականություն, չունեն նախնական գումար սեփական բիզնես սկսելու համար: Իրենց «օժիտը» հիմնականում մաշվող ընթացիկ գույք է, իսկ բանկ դիմելու համար անշարժ գույք պետք է գրավադրի, որն ամուսնու անունով է, ամուսինն էլ չի համաձայնում»,- ասաց Գ.Մակարյանը:

Սակայն, ըստ նրա, վերջերս մի քիչ ակտիվացում է նկատվում, քանի որ հիմա որպես օժիտ նաև անշարժ գույք կամ ավտոմեքենա են նվիրում:

ՀԳՄ նախագահը հայտնեց, որ բիզնես սկսողների մի մասը պետական ծառայող է եղել, որ որևէ ոլորտում մասնագիտացել է ու սեփականը հիմնել: Գործարար կանանց մոտ մեկ տասնյակն է միայն խոշոր ու միջին բիզնեսում, մնացածը փոքր բիզնեսով են զբաղվում՝ հրուշակեղենի արտադրություն, գեղեցկության սրահ, ֆուրշետների կազմակերպում, խորհդատվական կամ աուդիտի կազմակերպություններ և այլն:

«Այժմ վերուծություն ենք անում, որ խթանենք կանանց բիզնեսի զարգացումը: Վերջին շրջանում կանանց հետ ավելի շատ ենք աշխատում, տարբեր նախագծեր ենք իրականացրել, «Սկսիր և զարգացրու սեփական բիզնեսդ» թեմայով թրեյնինգներ և այլն: Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ են ակնկալում միությունից, որ կարող ենք տրամադրել, որպեսզի խթանենք կանանց ՝դեպի բինես գնալը: Հաճախ սոցիալական խնդիր կա՝ ամուսինները հեռացել են, և ընտանիքները կանայք են են պահում, կարևոր է կնոջ սոցալական դերի բարձրացումը հասարակության մեջ: Կանայք բիզնեսում ավելի զգուշավոր և կոռեկտ են, ինչը կարող է նոր էշելոն լինել, որը ոչ այդքան կոռումպացված է և իր իրավունքները գիտի, նաև կանայք ավելի կրթված են և ափսոս է նրանց պոտենցիալը չօգտագործելը»,- նշեց Գ.Մակարյանը:

Ի դեպ, ՀՀ օրենսդրության մեջ տղամարդկանց և կանանց միջև տարբերություն չկա՝ ի տարբերություն, օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրների: Օրենսդրությամբ բիզնես ոլորտում տղամարդու և կնոջ բոլոր իրավունքները հավասար են ՀՀ-ում: Նաև կառավարությունն է աջակցում՝ 2010 թ-ին ընդունվեց գենդերային քաղաքականության մասին հայեցակարգը, մշակվեցին քաղաքականությունը, գործողությունների ծրագիրը, պետությունն ինքը որոշեց կառավարման ոլորտներում, ԱԺ-ում կանանց թիվն ավելացնել:

«Բիզնես-կանանց օրինակը նաև երիտասարդ օրիորդներին պետք է մոտիվացնի, որ նրանք ուսումն ավարտելուց հետո ոչ թե տանը զբաղվեն երեխաների դաստիարակությամբ, այլ ուժ գտնեն և որոշ ժամանակ անց իրենք աշխատեն, երեխաների համար խնամող գտնեն, ու դրանով նաև մուլտիպլիկատիվ արդյունք կլինի՝ խնամողի ինստիտուտը կզարգանա»,- նկատեց Գ.Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս