Բալահովիտում շատերը վաճառքի են դրել իրենց տները
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղը, որը մինչ 1968թ. Մհուբ էր կոչվում, Երևանից 15 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ Աբովյան քաղաքից՝ 2 կմ դեպի հարավ: Գյուղը վերանվանվել է Մեծ Հայքի 4-րդ Հայք նահանգի Բալահովիտ գավառի հիշատակին: Համայնքի տարածքով է անցնում Երևան-Աբովյան ճանապարհը: Համայնքն ունի մեկ դպրոց, բուժ. ամբուլատորիա, մշակույթի տուն, ուր գործում են պարի և կարատեի խմբակներ:
Գյուղն ասֆալտապատ է, գիշերային լուսավորման խնդիրները լուծված են: Ըստ գյուղապետ Կամո Գրիգորյանի՝ Բալահովիտն առաջին համայնքներից է, որ աղբամանների խնդիրը լուծել է: Գյուղի ոռոգման և խմելու ջրի խնդիրները մասամբ են լուծված:
168.am-ի հետ զրույցում գյուղապետ Կամո Գրիգորյանն ասաց, որ բնակելի շենքերի խմելու ջրի խողովակների հարցն է հրատապ, որը փորձում են կարգավորել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող գյուղապետը գյուղի խնդիրների մասին խոսելիս սկսեց կատակել, թե՝ «Ապրում ենք ինչպես Փարիզում, ամեն բնակիչ ստանում է 300.000 աշխատավարձ, բոլորը գոհ են ու սպասում են, որ դրախտի դռները բացվեն իրենց առաջ»:
Գյուղի բնակիչներին անհանգստացնող հիմնական հարցը գործազրկությունն է: Այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ կամ աշխատանք են փնտրում Երևանում:
Ի դեպ, Բալահովիտում շրջելիս տների վրա հաճախ կարելի է հանդիպել «Վաճառվում է» գրությունը: