Բաժիններ՝

Գործարարները դժգոհ են նոր ՀԴՄ-ներից. Կեսգիշերին դրանք «ինքնագլուխ» ՀԴՄ կտրոններ են տպում

168.am-ի հետ զրույցում գործարարներից մի քանիսը դժգոհություն են հայտնել նոր ՀԴՄ սարքավորումներից: Ըստ նրանց՝ գումարը վճարելուց հետո բավականին ժամանակ անց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը սկսել է նոր սարքերը տրամադրել: Դրանց աշխատանքն էլ անթերի չէ՝ օրվա տարբեր ժամերի, հատկապես կեսգիշերին, այն կամայական կտրոններ է «խփում», ինչը ՊԵԿ տեսուչները մեկնաբանում են որպես «չգրանցված աշխատողի գոյություն» և տուգանում են տնտեսվարողին: Խնդիրներ են առաջանում նաև այն հանգամանքի հետ կապված, որ դրանք առցանց ռեժիմով են աշխատում և ինտերնետի կապը վատ լինելու դեպքում անջատվում են: Ընդ որում՝ գործարարները բավականին խոշոր գումար են ստիպված եղել շրջանառությունից հանել՝ սարքավորումները ձեռք բերելու համար, առավել ևս նրանք, ովքեր 1-ի փոխարեն մի քանիսն են ստիպված եղել գնել մասնաճյուղերի համար:

«Կարծում եմ, գոնե այս փուլում բազմաթիվ հարկատուներ կգտնվեն, որոնք տուժել են դրանց ներդրումից: Հարկատուներիս դարձրել են փորձատեղի, առանց փորձարկման և տեխնիկական ստուգման ՀԴՄ-ները միանգամից դնում են շրջանառության մեջ»,- ասաց գործարարներից մեկը՝ չցանկանալով հրապարակել իր անունը:

ՀՀ կառավարությունը բազմագործառնական ՀԴ մեքենաների իրացման գինը` 369 հազար 600 դրամ, սահմանել էր այս տարի հունիսի 27-ին: Հենց այդ օրն էլ, ինչպես 168.am-ին հավաստեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը սկսել է նոր ՀԴՄ-ների վաճառքը: 2013 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՊՈԱԿ-ի կողմից տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է 2347 ՀԴՄ:

Վճարը գանձելուց հետո սարքավորումներն ուշացնելու վերաբերյալ ՊԵԿ-ից նշեցին, թե նման դեպք չի արձանագրվել, որ տնտեսվարող սուբյեկտները 1 ամիս առաջ դիմեն և ՀԴՄ չստանան: ՊԵԿ-ից հայտարարեցին, որ տեղադրման ժամկետի ուշացման հետ կապված տուգանքներ չեն կիրառվել:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ նոր ՀԴՄ-ների աշխատանքից բողոքներ կա՞ն, արդյոք դրանք արդարացնո՞ւմ են իրենց, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ կոմիտեում ստացված բողոքները հիմնականում վերաբերել են օրական հաշվետվություններին, սակայն օգոստոսի 1-ից այդ խնդիրը կարգավորվել է, և տնտեսավարող սուբյեկտները կարող են դուրս բերել հաշվետվություններ ցանկացած ժամանակահատվածի համար:

Սարքավորումների աշխատանքի հետ կապված խնդրի առկայությունը հաստատեցին նաև «ԱրմենՏել» ըկերությունից. «Սկզբնական շրջանում նոր հսկիչ դրամակղային մեքենաների շահագործման հետ կապված կար փոքր ծրագրային խնդիր, սակայն, այս պահի դրությամբ, հարցն արդեն լիովին լուծված է»:

«ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից նաև նշեցին, որ

սարքավորումների օգտագործումը պարզեցրել և արագացրել է ՊԵԿ-ի հետ շփումը, քանի որ հնարավորություն է ստեղծվել միշտ լինել օն-լայն կապի մեջ հարկային մարմնի հետ, իսկ թղթային պրոցեսը նվազել է ևս մեկ փուլով:

Մեր հարցմանը շատ յուրօրինակ ձևով արձագանքեցին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից՝ առաջնորդվելով «չեմ տեսել, չեմ լսել, չեմ ասի» սկզբունքով: Մեր հարցերին՝ «նոր հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան», «ընդհանրապես կա՞ր այդ սարքավորումների կարիքը», ընկերությունից պատասխանել են 1 տողով՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան», թեև խնդիրը բոլորովին էլ «ՎիվաՍելը» չէր և մենք դրա գործունեության օրենսդրությանը համապատասխանության հարցն ընդհանրապես չենք բարձրացրել:

Ի դեպ, նյութի պատրաստման ավարտին տնտեսվարողները մեզ հայտնեցին ևս մի դրվագի մասին: Հայտնի է, որ նոր ՀԴՄ-ները պետք է օգտագործեն տարեկան 500 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները։ Սակայն, ըստ գործարարների, այդ 500 մլն դրամ սահամանագիծը շատ հարաբերական է, քանի որ ՊԵԿ-ը նոր ՀԴՄ սարքավորումներ է «առաջարկում» նաև դրան մոտ, բայց ավելի քիչ շրջանառություն ունեցողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս