Բաժիններ՝

Երիտասարդների ուխտագնացությունը՝ Գյումրիից դեպի Հառիճ

Ասել՝ պարզապես ուխտագնացություն, կստացվի չասել ոչինչ: Եվ բնավ լուսաբանելու առիթ չէր լինի, եթե Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միության երիտասարդներն այս անգամ անհավանական երթուղի ընտրած չլինեին: «40 կիլոմետր ճանապարհ ոտքով կտրել-անցնել, ասելն է հեշտ»,- նշում են ուխտագնացության մասնակիցները:

Օգոստոսի 10-ին Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միության երիտասարդներն ու ողջ Շիրակի մարզի ակտիվ երիտասարդության զգալի մասը Շիրակի թեմի հոգևորական տեր Փավստոս քահանա Սարգսյանի առաջնորդությամբ բռնեց Գյումրիի Յոթ Վերք եկեղեցուց դեպի Արթիկի Հառիճ գյուղի` Հառիճավանքի ճանապարհը: Ուղին ոչ ավել, ոչ պակաս՝ 40 կիլոմետր էր: Ուխտագնացությունը սկսելուց առաջ մասնակիցներից ամեն մեկն իր համար նպատակ դրեց, ինչպես ասում են` ուխտ կապեց Աստծո հետ, որին հասնելու համար հարկավոր էր անցնել որոշակի դժվարությունների միջով: Սա Միության կազմակերպած առաջին ուխտագնացությունը չէ, իհարկե, սակայն նման անհավանական հեռու նպատակատեղ դեռևս չէր դրվել:

Ճանապարհի առաջին 15 կիլոմետրն ուխտավորները քայլեցին առանց դժվարությունների:Առավոտյան ժամը 7:00-ից մինչև 11:00-ը քայլելը դեռևս դժվար չէր թվում: Դժվարությունները սկսվեցին հետո, երբ եղանակային սարսափելի պայմանները` անտանելի տափը, սկսեցին խանգարել հանգիստ ընթացքին: Ուխտագնացությունն, ինչպես նշեցինք, սկսվեց առավոտյան ժամը 7-ին Յոթ Վերքի մոտից: Ուխտավորներն անցան Շիրակի մարզի թվով 10 բնակավայրերով` քաղաք Գյումրի, գ. Արևիկ, գ.  Այգաբաց, գ. Վարդաքար, գ. Մեղրաշեն, գ. Նոր Կյանք, գ.  Փանիկ, գ. Անուշավան, քաղաք Արթիկ ու վերջապես գ. Հառիճ: Անցնելով նշված յուրաքանչյուր գյուղով` գզացվում էր, թե որքան ծանր ու բարդ է գյուղի կյանքը. բարդություններ, որոնք քաղաքաբնակները դժվար թե կարողանան պատկերացնել ու հասկանալ: Սակայն անցնելով Փանիկ գյուղով` անհնար էր չնկատել, թե որքան գեղեցիկ ու բարեկարգ տներ կային գյուղում, ուխտավորներից մի քանիսն էլ  հումորով  ասում էին՝ «Քաղաքում էլ էսքան արտասահմանյան մեքենաներ իրար հետևից գնալ-գալով չես տեսնի»: Փանիկում դեռևս նախագահական ընտրություններից փակցված էր մնացել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ցուցանակը: Նշենք, որ մարզի գրեթե բոլոր գյուղերի գյուղապետերը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են:
Երեկոյան, մոտ 4:30-ին, ուխտավորները հասան Հառիճավանք: Երկար ու սարսափելի բարդ ընդացքին հաջորդեցին հանգստի մի քանի ժամերը:
Հառիճ գյուղում գտնվող միջնադարյան Հառիճի վանքն իրենից ներկայացնում է բարդ ճարտարապետական համալիր: Այն բաղկացած է 2 եկեղեցիներից, 2 գավիթներից, մատուռներից, գերեզմանոցից: Հառիճավանքը նախկինում եղել է Հայաստանի մշակութային և հոգևոր կենտրոններից մեկը: Որպես ուսումնական կենտրոն` Հառիճը նշանավոր է դարձել 7-րդ դարից, ապա լայն գործուներություն է ծավալել 10-14-րդ դարերում: Հառիճի դպրոցը մեծ համբավ է ունեցել: Այստեղ է նախնական կրթություն ստացել Ավետիք Իսահակյանը:
Փոքր-ինչ հանգստանալուց հետո ուխտավորները մասնակցում են երեկոյան Ժամերգության, որից հետո, արդեն մեքենաներով, հոգնած, բայց երջանիկ, ճանապարհ են ընկնում դեպի Գյումրի: «Ուխտերդ ի կատար»,-երիտասարդներին մաղթում էին հոգևորականներն ու բնակիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս