ՀՀ արբանյակային ծրագրին կմասնակցի նաև կանադական «MDA» ընկերությունը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Կանադայում հանդիպում ունեցավ կանադական «MDA» ընկերության տնօրինության հետ։ «MDA» -ն աշխարհում արբանյակների կառուցման ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, որն իրականացրած ծրագրերի առումով, տիեզերական ռոբոտաշինության և արբանյակաշինության ծավալներով համարվում է ոլորտի առավել փորձառու ընկերություններից մեկը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «MDA»-ի նախագահ Մագ Իսկանդերի միջև մինչ այդ տեղի էին ունեցել մի քանի հանդիպումներ Լոնդոնում և Երևանում , որի ընթացքում ձեռք էին բերվել համատեղ աշխատանքի պայմանավորվածություններ։ Կանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար ուղեծրային դիրքում դրա տեղադրման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը ներկայացրեց ծրագրի իրականացման ներկայիս փուլը: Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միություն (ՀՄՄ)։ Բացի այդ, ՀՀ արբանյակային ծրագրերին հնարավոր մասնակցություն ցուցաբերելու նպատակով մի շարք միջազգային արբանյակային կազմակերպությունների հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել: «MDA» ընկերության նախագահ Մագ Իսկանդերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տեղեկացրեց, որ մանրամասն ծանոթացել է Հայաստանի կողմից Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրո ներկայացված փաստաթղթերին, և ընկերությունն իր շահագրգռվածությունն է հայտնել Հայաստանի տիզերական ծրագրում անմիջական մասնակցություն ցուցաբերելու հարցում: Այցի շրջանակներում Գ. Բեգլարյանը հանդիպում ունեցավ նաև Կանադայի պետական տիեզերական գործակալության նախագահ Ժիլե Լեկլերկի և Կանադայի արտահանման զարգացման գործակալության ռազմավարական գծով տնօրեն Ջոն Միլլերի հետ: Նախարարին ներկայացվեցին գործակալության հիմնական գործառույթները: Նշվեց, որ գործակալությունն իրականացնում է գիտական և նորարարական ուսումնասիրություններ, ծրագրերի և տիեզերական բնագավառի ռազմավարության մշակում, ինչպես նաև հանդիսանում է պետության կողմից հաստատված տիեզերական ծրագրերի պատվիրատու: Հանդիպման ընթացում Կանադայի արտահանման զարգացման գործակալության (EDC) տնօրինության հետ, քննարկվեցին Հայաստանի տիեզերական ծրագրի նախագծի ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն