Բաժիններ՝

«Գնացեք հարևան գյուղի դպրոցը». Վարդաքարի դպրոցի հարցը դեռևս չի լուծվել

Վարդաքարը Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի գյուղերից է, մարզկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա: Գյուղի մոտ`Մանթաշ գետի վրա գտնվում է Վարդաքարի ջրամբարը: Գյուղի տնտեսությունների մի մասը տուժել է 1994 թվականին տեղի ունեցած  ջրամբարի վթարի պատճառով: Գյուղում գտնվում է  Սուրբ Աստվածածին եկեղեցին: Գյուղատնտեսական հիմնական ուղղությունները երկրագործությունն ու անասնապահությունն է: Մինչերկրաշարժյան շրջանում գյուղում գործում էր շաքարի գործարան:
Հարցին, թե որո՞նք են գյուղի հիմնախնդիրները, գյուղացիները պատասխանում են. «Մեր գյուղում ամեն ինչն էլ հիմնախնդիր է: Գլխավորը՝ գյուղը դպրոց չունի, քանդեցին ու չեն պատրաստվում սարքել: Երեխաները գյուղապետարանի շենքում են դաս անում: Ասում են` գնացեք հարևան գյուղի դպրոցը դասի: Դե պատկերացրեք՝ վեց տարեկան երեխան ինչպե՞ս պիտի էդքան ճամփա կտրի-անցնի այն դեպքում, երբ գյուղի բազմաթիվ հոգսերով տարված ծնողը միշտ չի կարողանա տանել-բերել փոքրիկներին»:

Vardaqar (2)

Vardaqar (1)

Գյուղի հիմնախնդիրներից է նաև շուրջօրյա ջրի բացակայությունը: «Երիտասարդների համար զբաղվածության կենտրոններ չկան, ուսանողների համար էլ` ուսանողական տրանսպորտ: Մի քանի տարի առաջ ուսանողական տրանսպորտը գործում էր. երեխաներին գյուղից հասցնում էին ինստիտուտ, սակայն հետագայում, չգիտես ինչու` հանեցին: Իսկ մեր գյուղից ուսանող երիտասարդներ շատ կան, չնայած նման դժվար պայմաններին: Խելացի են, հաստատ մի բանի կհասնեն»,- նշում են գյուղացիները: Գյուղի տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում, գյուղի ամենօրյա հոգսը հիմնականում կանանց ու ծերերի վրա է: «Առանց արտագնա աշխատանքների ապրել չէր լինի»,- նշում են նրանք: Չկա հակակարկտային կայան, ամենամոտ կայանը կրկին հարևան գյուղում է` Մեղրաշենում:
Գյուղացիները միայն բացասական երևույթները չեն մատնանշում: Նրանք որպես դրական հանգամանք նշեցին, որ ձմեռային շրջանում գյուղը քաղաքին կապող ճանապարհները հիմնականում հասանելի են և մաքրման աշխատանքները կատարվում են ժամանակին: Ըստ գյուղացիների՝ գյուղը Գյումրիին կապող ավելի կարճ ճանապարհ կա` Այգաբաց-Գյումրի, որը, սակայն, անմխիթար վիճակում է գտնվում: Նրանց խոսքով՝ այդ ճանապարհը վերանորոգելու դեպքում՝ գյուղացիների հոգսերը բավականաչափ կթեթևանար:

Կարդացեք նաև

Գյուղացիները հիմնականում զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակմամբ, ինչպես նաև  խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Սպասվում է՝ կարտոֆիլի մեծ բերք:  Խմելու ջրագծերի  և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, ինչպես նաև գյուղմթերքի իրացումը ներկայումս գյուղի կարևորագույն խնդիրներից  է:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս