Բաժիններ՝

Արդյոք Հովիկ Աբրահամյանն ուզո՞ւմ էր Մասիսի գործարանի խնդիրը լուծել

1993 թվականի սեփականաշնորհումից հետո մինչ օրս Մասիսի պահածոների փակված գործարանի հարցը միշտ էլ բարձրացրել են ամենաբարձր մակարդակով: Նախկինում այդ հարցով դիմել են նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին, բոլոր ժականակների մարզպետներին, Մասիսի բոլոր քաղաքապետերին:

2000թ., երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեռևս Արարատի մարզպետ էր՝  Մասիսի պահածոների գործարանի մասին լրագրողի հարցին, թե՝ մի՞թե հնարավոր չէ որևէ բան անել, ասենք՝  վերասեփականաշնորհել այն, պատասխանել էր. «Օրենքով այդպիսի բան անելու իրավունք չունենք: Եվ դա օրենքի մեծ բաց եմ համարում, որովհետև այդպիսի շատ գործարաններ կան: Մասիսի պահածոների գործարանը մեծ շահութաբերությամբ գործարան է, և անհասկանալի է, թե ի՞նչ է մտածում սեփականատերը»:

Ժամանակին «օրենքի բացը» վկայակոչող Հովիկ Աբրահամյանը վաղուց «օրենքի բացից» դժգոհող մարզպետ չէ, այլ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը: Ավելին՝ նրա որդին մարզի պահածոների միակ գործարանի՝ «Արտֆուդի» 50 տոկոսի բաժնետերն է: Այս նուրբ պարագան հաշվի առնելով, հետաքրքիր է՝ Հովիկ Աբրահամյանը փոշմանե՞լ է, թե՞ հիմա էլ է այն կարծիքին, որ Մասիսի պահածոների գործարանը շահութաբեր է…

Հիշեցնենք, որ Մասիսի պահածոների հսկա գործարանը 1993 թվականին մի քանի վաուչերով գնել էր Սիրիայի քաղաքացի Բյուզանդ Քեյվանյանը, մի մեծ կողպեք կախել վրան ու անհետացել: Մասիսի նախկին ու ներկա քաղաքապետ Ս. Հակոբյանը մի քանի տարի առաջ դեռևս սրտաճմլիկ նամակներ էր հղում սեփականատեր «մեծարգո պարոն Քեյվանյանին»: Նամակ առ այն, որ «ամենևին չկասկածելով Ձեր հայրենասիրական և մարդասիրական մղումներին և համոզված լինելով ձեր գործարար կարողություններում, հիշեցնում ենք, որ քաղաքն այսօր թոշնում է անգործությունից, իսկ գործարանը հազար աշխատատեղ կունենա, և Մասիս քաղաքը միայն այդ ձեռնարկության շնորհիվ կդառնա ծաղկուն քաղաք…»:

Կարդացեք նաև

Սակայն մեծարգո Քեյվանյանը շարունակում է արհամարհել «հազարավոր մարդկանց աշխատանքով ապահովելու մեծագործության հեռանկարը»: Եվ այսօր էլ դեռևս, ինչպես Հովիկ Աբրահամյանն էր ժամանակին կատել՝ «անհասկանալի է, թե ի՞նչ է մտածում սեփականատերը»:

Արարատ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս