Զննությամբ ՀՖՖ ակադեմիայի տարածքում տեսաձայանագրող սարքեր չեն հայտանաբերվել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Գործով մեղադրող Արմեն Մարուխյանը դատարան ներկայացրեց ավագ քննիչ Մկրտչյանի՝ ՀՀ ֆուտբոլի ակադեմիայի տեղանքի զննության արձանագրությունը: Զննության է ենթարկվել ՀՖՖ ակադեմիայի ամբողջ տարածքը, տարածքում տեսաձայանագրող սարքեր չեն հայտանաբերվել:

Մեղադրող Արմեն Մարուխյանը դատարան ներկայացրեց նաև դատահամակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացությունը. փորձաքննության էր եթարկվել համակարգչային պրոցեսորը: Փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին որոշակի ֆայլեր, որոնք հնարավոր է՝ նշանակություն ունենային քրեական գործի համար:

Գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ ցանկանում է ստանալ նաև փորձաքննության արդյունքում քննչական մարմնին ներկայացված որոշակի տեսաձայնագրություններ պարունակող կրիչներները: Մեղադրող Արմեն Մարուխյանն էլ ասաց, որ դեպքի օրվա հետ կապված որևէ տեսաձայնագրություն կրիչները չեն պարունակվում:

Դատարանում քննարկվեցին դեռևս նախորդ տարի գործով տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի ներկայացարած մի խումբ միջնորդությունները: Դատարանը միջնորդությունների քննարկումը հետաձգել էր մինչ գործով էական հանգամանքների պարզումը:

Գործով տուժողների ներկայացուցիչները միջնորդել էին բոլոր տուժողների մասնակցությամբ տեղազննություն իրականացնել, տուժողների հագուստները ճանաչել որպես իրեղեն ապացույցներ: Տիգրան Եգորյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ անհայտ անձանց կողմից ոչնչացվել են որոշ ապացույցներ, մասնավորապես՝ չի գտնվել Վահե Ավետյանի վերնաշապիկը, Արտակ Բայադյանի կոշիկները, դեպքի վայրում չեն հայտնաբերվել արյան հետքեր այն դեպքում, երբ արնահոսել է Վահե Ավետյանի քիթը:

Տուժողների ներկայացուցիչները միջնորդել էին նշանակել կենսաբանական փորձաքննություն, հետազոտել մեղադրյալների և տուժողների հագուստները, ձեռք բերել, վերծանել ՀՖՖ ակադեմիայի տեսաձայնագրությունները, պարզել՝ ո՞ր հեռախոսահամարներն են պատկանում «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիային, ՀՖՖ հասարակական կազմակերպությանը: Վերջին միջնորդության մասին կարծիք հայտնելով՝ գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանն ասաց, որ իր գործընկերը դա կարող է պարզել «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնից:

Մասնավորապես, Տիգրան Եգորյանն ասաց, որ քրեական գործով որոշ ամբաստանյալների մի հեռախոսահամարի վերծանումներն արվել են, մյուսները՝ ոչ: Գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ չնայած առարկում է նշված միջնորդության դեմ, սակայն «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ին է պատկանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիան գտնվում է ռեստորանային համալիրի մոտ, հետևաբար՝ դրանց հեռախոսահամարների պարզումը տրամաբանության շրջանակներում է: Պաշտպանին հետաքրքրում էր՝ ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը:

Դատարանում Տիգրան Եգորյանը միջնորդեց հարցաքննել նաև ֆուտբոլի ակադեմիայի տեղազննությանը մասնակցած ընթերականերին՝ նշելով, որ կա կասկած, որ վերջիններս տեղազննությանը չեն մասնակցել:

Տուժողների ներկայացուցիչները միջնորդել էին նաև Ռուբեն Հայրապետյանին առաջարկել կամովին ներկայացնել  իր հեռախոսահամարների վերծանումները, հակառակ դեպքում դա անել օրենքով սահմանված կարգով: Գործով ամբասատանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը տուժողների ներկայացուցչից հետաքրրվեց՝ ինչո՞ւ վերջինս դա չառաջարկեց Ռուբեն Հայրապետյանին այն ժամանակ, երբ վերջինս դատարանում ցուցմունք էր տալիս:

Գործով տուժողների ներկայացուցիչները միջնորդել էին նաև նշանակել կրկնակի  հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն. դատարանում տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ որոշ մասնագետներ իրենց հետ զրույցում կարծիք են հայտնել այն մասին, որ Վահե Ավետյանի ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:

Կարծիք հայտնելով ներկայացված միջնորդությունների մասին՝ գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց բոլոր միջնորդությունների դեմ՝ նշելով, որ տուժողների ներկայացուցիչների ներկայացրած միջնորդություններն ակնհայտ անհիմն են, նույնիսկ դատարանի բազմաթիվ հարցերից հետո տուժող կողմի ներկայացուցիչը չփորձեց օրենքով սահմանված կարգով հիմնավորել իր ներկայացրած միջնորդությունները:

Պաշտպանն ասաց, թե ինքը համոզված է՝ տուժող կողմի ներկայացուցիչը չի ցանկանում հիմնավորել իր միջնորդությունը՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր դատարանը գործում է ի նպաստ ամբաստանյալների: Չնայած այս հանգամանքին, ըստ պաշտպանի, դատարանը որոշ դեպքերում բավարարել է տուժող կողմի անհիմն միջնորդությունները:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս