Վլադիմիր Գասպարյանը կպաշտպանի՞ Գագիկ Ծառուկյանին
Այսօր հայտնի է դարձել, որ Երևան-Չարենցավան և Երևան-Աբովյան թիվ 259 ավտոբուսային երթուղու վարորդները առաջիկա օրերին պատրաստվում են փակել Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան միջպետական ճանապարհները: Այդպիսով նրանք ցանկանում են իրենց բողոքն արտահայտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի դեմ, որը տարիներ շարունակ մի քանի ավտոբուսներով անվճար ուղեվորափոխադրումներ է իրականացնում այդ ուղղություններով:
Նույն երթուղիներով, ինչպես հայտնի է, միանգամայն վճարովի հիմունքներով ուղեվորափոխադրումներ է իրականացնում Ծառուկյանի սանիկ, ներկայումս նրա հետ ոչ այնքան բարեկամական հարաբերություններ ունեցող և դրա արդյունքում ՀՀԿ-ական դարձած Արթուր Հարությունյանը՝ Պալաչ մականունով: Նա ընդամենը վերջերս մեծ ներդրումներ է իրականացրել և այդ երթուղիները համալրել է նոր ավտոբուսներով, որոնց գործունեությանն էլ «խփում են» Ծառուկյանի անվճար ավտոբուսները:
Այս պատմությունը մի քանի հետաքրքիր շերտեր ունի: Դրանցից մեկն այն է, որ Ծառուկյանի դեմ բողոքի ակցիայի հեղինակները գոնե արտաքուստ վարորդներն են: Այն դեպքում, երբ նույն Արթուր Հարությունյանը հրապակավ ընդամենը դժգոհություն է հայտնում Ծառուկյանի անվճար երթուղիների կապակցությամբ՝ անպայման նշելով, թե մարդկային դաշտում նրա հետ խնդիրներ չունի: Ստացվում է, որ Հարությունյանը անձամբ չցանկանալով հակամարտության մեջ մտնել Ծառուկյանի հետ, «պայքարի» է ուղարկում իր երթուղիներում աշխատող վարորդներին:
Մյուս հետաքրքիր կողմն այն է, որ Ծառուկյանի դեմ բողոքի ակցիան հաջորդելու է Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ տեղի ունեցած ակցիաներին: Այդ հանգամանքը որոշակիորեն երկակի իրավիճակ է ստեղծում: Երևանում ԲՀԿ-ականները միացել էին բողոքի ակցիաներին, իսկ հիմա դրանք ուղղվելու են ԲՀԿ առաջնորդի դեմ:
Վերջինս, իհարկե, այս հարցում հզոր փաստարկ ունի. իր կողմից հովանավորվող ավտոբուսները ոչ միայն չեն բարձրացրել ուղեվարձը, որի դեմ պայքարին միացել էին նաև իր կուսակցության անդամները, այլ ընդհանրապես ուղեվարձ չեն գանձում: Այսինքն՝ Ծառուկյանը մարդկայնորեն կարող է անգամ ակնկալել, որ երևանյան ակցիաների մասնակիցները Երևան-Աբովյան մայրուղում լինեն բարիկադների հակառակ կողմում և հանդես գան ի պաշտպանություն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ավտոբուսների: Մյուս կողմում, սակայն, վարորդներն են, ովքեր անվճար ավտոբուսների պատճառով չեն կարողանում գումար վաստակել և վճարել իրենց «գծի փողը»:
Թե ի՞նչ շարունակություն կստանան այս զարգացումները, պարզ կդառնա առաջիկա օրերին:
Սակայն, եթե, այնուամենայնիվ, վարորդները, ինչպես խոստանում են, փակեն Երևան-Աբովյան մայրուղին, ապա բավական հետաքրքիր իրավիճակ կառաջանա մեկ այլ պատճառով ևս: Հայաստանում «ճանապարհ փակելը» վատ տոնի նշան է, հատկապես, եթե այդ ճանապարհով երթևեկում են պաշտոնյաներ կամ մեծահարուստներ: Օրինակ, մայիսին, երբ կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին և սպառնում էին դա անել նաև մայիսի 28-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սարդարապատ այցելության օրը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ստիպված եղավ անձամբ միջամտել, անգամ բողոքի ակցիայի մի քանի ակտիվ մասնակիցներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ, ինչի արդյունքում ճանապարհն այդպես էլ չփակվեց:
Հետաքրքիր է՝ ի՞նչ տեղի կունենա, եթե վարորդները փակեն Երևան-Աբովյան մայրուղին: Արդյոք Վլադիմիր Գասպարյանը նույնքան նախանձախնդիր կլինի՞ նաև այդ ճանապարհը «բացելու» հարցում, հատկապես, եթե հաշվի առնենք նրա և Գագիկ Ծառուկյանի՝ մեղմ ասած, ոչ այնքան հարթ հարաբերությունները: