
Հուլիսին Իրաքում ահաբեկչություններից ու հարձակումներից զոհվել է 1057 մարդ. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսին Իրաքում իրականացված բռնությունների հետևանքով տեղաբնակների շրջանում գրանցված զոհերի քանակը կազմել է 1057 մարդ: Նախորդ ամսվա համեմատ դա 1/3-ով ավելին է:
Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի՝ Իրաքին աջակցելու գծով առաքելությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ նախորդ ամիս Իրաքում զոհվածներից 928-ը հանդիսացել են քաղաքացիական անձինք, որոնց թվում ՄԱԿ-ը ներառել է նաև ոստիկանության աշխատակիցներին:
Բացի այդ, Իրաքի անվտանգության ուժերը կորցրել են 129 ներկայացուցիչ: Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների քանակը կազմել է 2109, իսկ զինծառայողների շրջանում՝ 217 մարդ: Ահաբեկչություններից ու զինված հարձակումներից ամենաշատը տուժել է Բաղդադի նահանգը, ուր զոհերի քանակը կազմել է 238, իսկ վիրավորներինը՝ 719 մարդ:
Նույն աղբյուրը հայտնել է, որ տարեսկզբից սկսած՝ Իրաքում զոհվել է 4137 և վիրավորվել է 9865 մարդ: Նշվում է, որ Իրաքում նման իրավիճակ չի տիրել վերջին 5 տարում: