 
                        Վրաստանում հրաժարվում են հեղափոխության խորհրդանիշից
 
                                    Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում պատրաստվում են վերանվանել «Վարդերի հեղափոխության» հրապարակը: Այս մասին հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Կախա Կուկավան:
Պատգամավորի պնդմամբ՝ տվյալ հարցը դիտարկվելու է առաջնահերթ կարգով, և հրապարակն անվանվելու է որևէ ավանդական ու պատմական անունով: Կուկավայի խոսքերով՝ արդեն իսկ կան մի շարք տարբերակներ:
Նշվում է, որ Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայի վերջնամասում, գտնվող «Վարդերի հեղափոխության» հրապարակն իր անվանումը ստացել է 2005 թվականին՝ Վրաստանում «Վարդերի հեղափոխության» իրականացվելուց երկու տարի անց:
Հիշեցնենք, որ Վրաստանում «Վարդերի հեղափոխությանը» սկիզբ դրեց 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումը։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        