Սպիտակ տունը խորապես հիասթափված է Ռուսաստանի իշխանություններից
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները հիասթափություն են հայտնել Ռուսաստանի կողմից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր (1 տարով) ապաստան տալու կապակցությամբ և խոստացել են մտածել նախագահ Բարաք Օբամայի կողմից Մոսկվա այցելելու նպատակահարմարության մասին:
Նրանք ոչինչ չեն հայտնել Ռուսաստանի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ իրենք խորապես հիասթափված են ռուսական կառավարության նման քայլից:
Քարնին հավելել է, որ տեղի ունեցածը խաթարում է իրավապահ ոլորտում երկկողմանի համագործակցությունը, ինչը աշխուժություն էր ստացել Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունից հետո:
Իսկ ահա կոնգրեսականներն առավել սուր են արձագանքել՝ կոչ անելով կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ի ու Մագնիտսկու ցուցակի ընդլայնում: Փորձագետները, սակայն, քիչ հավանական են համարում երկու երկրների միջև մասշտաբային ճգնաժամի առաջացման հնարավորությունը:
Էդվարդ Սնոուդենը 38 օր գտնվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, որին հրաժեշտ է տվել երեկ: Նա Ռուսաստանի տարածքում կարող է գտնվել մինչև 2014 թվականի հուլիսի 31-ը: