Ինչու՞ ոստիկանությունը չի հրապարակում Կիպրոսից ուղարկված փաստաթուղթը
Galatv.am-ը զրուցել է վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի հետ՝ իմանալու համար, թե ՀՀ վարչապետի աշխատակազմը ինչքանո՞վ է տեղեկացված դատախազություն, ապա ոստիկանություն ուղարկված օֆշորային գործի հետագա ընթացքից:
Ինչպես տեղեկացրել է Բերբերյանը՝ նրանք գործն ուղարկել են իրավապահ մարմիններին, սակայն գործի ընթացքից տեղեկություն չունեն. «Հետաքրքրվեք ոստիկանությունից, գործը գտնվում է ոստիկանությունում, իրենց իրավասության ներքո է այն, որևէ ինֆորմացիա իրավասու է տրամադրել միայն ոստիկանությունը»:
Հարցին, թե արդյոք սպասելի՞ է, որ Կիպրոսից ստացված փաստաթուղթը հրապարակվի մամուլում (խոսքը այն փաստաթղթի մասին է, որն ըստ վարչապետի աշխատակազմի` հերքում է Կիպրոսում գրանցված օֆշորային պայմանագրերում վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրության փաստը), խոսնակը պատասխանել է. «Դա գնացել է դատախազություն, դատախազությունից էլ ոստիկանություն ու կցված է գործին»:
ԳԱԼԱ-ն զրուցել է նաև ոստիկանության լրատվության և հասարակայնության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ՝ իմանալու համար, թե արդյոք ոստիկանությունը չի՞ պատրաստվում հրապարակել այդ փաստաթուղթը, ինչին Մալխասյանը պատասխանել է. «Կարող եմ ասել, որ դատախազությունից ուղարկված նյութերը գտնվում են քննչական գլխավոր վարչությունում, եթե այլ հարցեր ունեք, գրավոր դիմեք»: