Բաժիններ՝

Գայանե Սահակյան. Վրաստանում արդեն գրանցվում են կարմրախտի դեպքեր, և դրա արձագանքը երևում է նաև Հայաստանում

Ինչպես հայտնի է, Վրաստանում  տարածված կարմրուկի համաճարակի պատճառով առողջապահության նախարարությունը այնտեղ հանգստանալ ցանկացողներին խորհուրդ է տալիս պատվաստվել հիվանդության դեմ: 168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից հետքրքրվեց՝ մինչ այժմ քանի՞ անձ է պատվաստվել կարմրուկի դեմ: Վերջինս հիշեցրեց, որ Վրաստանում հանգստանալ ցանկացող անձանց պատվաստվել նախարարությունն առաջարկել է դեռ մարտ ամսից:

«Քանի որ Վրաստանում զարգացումները ապրիլի վերջին, մայիսին բուռն եղան, նախարարությունը որոշում կայացրեց, որ ավելի լավ է մեր երկրում համաճարակային իրավիճակի չբարդացման համար անվճար հիմունքներով կազմակերպել ժողովրդի պատվաստումները: Հունիսի սկզբին եղավ անվճար պատվաստման հրաման: Բոլոր բուժհաստատություններին տեղեկացվեց, որ կամավոր դիմող բոլոր անձանց  պատվաստումներն արվեն անվճար: Այժմ ամփոփվել են հունիս ամսվա տվյալները: Այդ ընթացքում պատվաստվել է 2012 մարդ է կամավոր պատվաստվել: Հուլիս ամսվա տվյալները կամփոփվեն օգոստոսի կեսերին»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մինչ այժմ Հայաստանում լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է կարմրուկի 9-ը դեպք: Վերջին դեպքը գրանցվել է Արմավիրի մարզում. «Վրաստանից խումբ էր ժամանել, կրոնական պատկերացումներով անձիք էին, որոնց շարքում կային երեխաներ. երեխաներից ոչ մեկը պատվաստված չէր»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին կարմրուկ հիվանդությամբ հոսպիտալացված անձիք չկան:

Խոսելով Վրաստանում կարմրուկի համաճարակի մասին՝ Գայանե Սահակյանն ասաց, որ այնտեղ վիճակը կայունացել է. «Համեմատական կարգով այնտեղ պակասել է դեպքերի գրանցման թիվը: Եթե նախկինում օրական մոտ 80-100 դեպք էր գրանցվում (խոսքը պաշտոնական գրանցումների մասին է), վերջին ժամանակահատվածում թվերը շաբաթական են փոխվում, թվերը կազմում են 25-30-ն են: Կարմրուկի համաճարակաբանությանը բնորոշ է այն, որ պրոցեսը միանգամից չի մարում՝ ալիքաձև բնույթ է կրում: Սա առաջին ալիքն էր, երկրորդ ալիքը սպասվում է, որ կլինի աշնանը: Այդպես մոտ երկու տարի: Վրաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը սկսվեց 2013-ին, այն մոտ 2 տարի կձգվի:

Կարդացեք նաև

Հայաստանում, օրինակ, երբ բռնկում սկսվեց 2004-ին, տևեց մինչև 2006 թվականը: Դրան զուգահեռ՝ սովորաբար գլուխ է բարձրացնում նաև կարմրախտը. կարմրուկի բոլոր բռնկումներին հաջորդում է կարմրախտը: Վրաստանում արդեն գրանցվում են կարմրախտի դեպքեր: Դրա արձագանքը երևում է նաև Հայաստանում. մենք արդեն ունենք կարմրախտի՝ լաբորատոր հետազոտություններով հաստատված 4 դեպք, դրանք եկել են Վրաստանից»:

Գայանե Սահակյանն ասաց նաև, որ Վրաստանում մինչ այժմ կարմրուկից մահված երկու դեպք է գրանցվել. մեկը եղել է 11 ամսական երեխա, մյուսը՝ 19 տարեկան. «Երկուսն էլ կլինիկական պատմություն են ունեցել, այսինքն՝ նախատրամադրվածություն»:

Գայանե Սահակյանի խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է ՀՀ բնակիչներին հորդորել, որպեսզի վերջիններս Վրաստան մեկնելուց առաջ պատվաստվեն, քանի որ այնտեղ գործընթացը շարունակվում է. «Բոլոր դեպքերում լավագույն որոշումը կանխարգելելն է: Միշտ չէ, որ կամավոր պատվաստումները կլինեն անվճար. այն պլանային օրացույցում կիրառվող մեր պատվաստումն է: Կգա մի ժամանակ, որ նախարարությունը, կոպիտ ասած, կդադարեցնի այս միջոցառումը: Այդ դեպքում արդեն մարդը ստիպված իր միջոցների հաշվին պիտի անի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս