Բաժիններ՝

Կապանում մոր և մանկան կրթական նոր կենտրոն է բացվել

Երեկ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացվեց  ծնողական կրթության կենտրոնը: Այն առաջինն է Հայաստանում և ստեղծվել է Բրազիլիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: «Մանուկների և վաղ տարիքի երեխաների թերսնուցման նվազեցում» ծրագրի շրջանակներում մայր ծնողները այստեղ կստանան խորհրդատվություն, տեղեկատվություն՝ մանկան կյանքի առաջին երկու տարիների ճիշտ սնուցման, առողջության, խնամքի վերաբերյալ, ինչպես նաև  վերապատրաստված բուժաշխատողների կողմից կազմակերպվող միջոցառումների օգնությամբ՝ կբարելավեն իրենց գիտելիքները:

Ըստ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի՝ տեղեկատվությունը հասանելի կլինի գյուղական համայնքներում: Նմանատիպ կենտրոններ են գործելու Մեղրիում, Կապանում, Գորիսում և Սիսիանում:

Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ասաց, որ երեխաների սնուցման խնդիրը Բրազիլիայում շատ է կարևորվում, և ուրախ է, որ փորձը ներդրվում է Հայաստանում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսի համոզմամբ՝ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կրծքով և հավելյալ սնուցման վրա, որովհետև հատկապես հենց այդ բաղադրիչներն են ապահովում երեխայի  առողջ զարգացումն ու աճը, ինչպես նաև մտավոր կարողությունների զարգացումը հետագա կյանքի ընթացքում:

Ի դեպ, տեսնելով պոլիկլինկայում խմբված մայրիկներին՝ իրենց երեխաների հետ, 75-ամյա Հասմիկ տատը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են հավաքվել: Երբ Հասմիկ տատին ներկայացրեցին նախաձեռնության նպատակը, զարմացած պատասխանեց. «Մուք որ գիդում չըք լա, կարդում չըք լա, կերակրում չէինք, շատ լավ էլ խոխա ենք պահալ, մեծացրալ, առողջ, բոյ-բուսաթով»,- 168.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս