Իրանը ՌԴ-ի հետ չի բանակցում Антей-2500 զենիթա-հրթիռային համալիրների ստացման շուրջ. իրանցի դեսպան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Ռուսաստանի հետ բանակցություններ չի վարում C-300 զենիթա-հրթիռային համալիրների փոխարեն Антей-2500 զենիթա-հրթիռային համալիրների ստացման շուրջ: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:
Ավելի վաղ Коммерсант թերթը, վկայակոչելով Կրեմլում իր աղբյուրները, հայտնել էր, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են Իրանին առաջարկել Антей-2500 զենիթա-հրթիռային համալիրներ՝ կարգավորելու համար C-300-ների շուրջ ծագած վեճը:
Իրանցի դեսպանը հայտարարել է, որ դրանք միայն խոսակցություններ են, չի տարվում որևէ բանակցություն և ձեռք չի բերվել որևէ պայմանավորվածություն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Ռուսաստանը պատրաստ է С-300-ի փոխարեն Իրանին հատկացնել Тор հակաօդային պաշտպանության համակարգեր: Ի դեպ, С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար:
Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:
Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել: