
Թեհրանը մոտ երեք ամիս առաջ է Մոսկվայի հետ բանակցել Тор ՀՕՊ-ի համակարգերի ստացման շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը C-300 զենիթա-հրթիռային համալիրների փոխարեն Тор հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր ստանալու շուրջ Մոսկվայի հետ սկսել է բանակցել մոտ երեք ամիս առաջ, սակայն քննարկումները դեռ շարունակվում են: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ամիր Աբդոլահիանը.
«Մեր երկրները լավ համագործակցում են պաշտպանական ոլորտում: Ես շատ իրազեկված չեմ այդ թեմայի շուրջ, սակայն որքանով տեղյակ եմ իմ գործընկերներից, որոնք զբաղվում են պաշտպանությամբ, Մոսկվայի հետ C-300 զենիթա-հրթիռային համալիրների փոխարեն Тор համակարգեր ստանալու շուրջ բանակցություններն անցկացվել են երեք ամսից էլ պակաս ժամանակ առաջ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ռուսական Коммерсант թերթը գրել էր, որ Մոսկվան պատրաստ է եղել C-300 զենիթա-հրթիռային համալիրների փոխարեն Իրանին հատկացնել Тор-М1Э ՀՕՊ-ի համակարգեր, սակայն Թեհրանին ձեռնտու չի եղել այդ առաջարկը: