ՌԴ-ը պատրաստ է С-300-ների փոխարեն Իրանին առաջարկել Антей-2500 զենիթա-հրթիռային համալիրներ. մամուլ

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ`Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են Իրանին առաջարկել Антей-2500 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ)` կարգավորելու համար С-300 ԶՀՀ-ների պայմանագրի շուրջ առաջացած վեճը: Այս մասին թերթին հայտնել են Կրեմլում եղած նրա աղբյուրները:

Նրանց խոսքերով`Антей-2500 ԶՀՀ-ները չեն ընկնում Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանի տակ: Աղբյուրները հավելել են, որ այս հարցը քննարկվելու է հուլիսի 1-ին, երբ Մոսկվա կժամանի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Աղբյուրը հիշեցրել է, որ Ահմադինեժադի նախագահական լիազորությունների ավարտին մնացել է մեկ ամիս, և, հազիվ թե, նա Մոսկվա կժամանի միայն Գազ արտահանող երկրների ֆորումին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Ռուսաստանը С-300 ԶՀՀ-ների փոխարեն Իրանին առաջարկել է Тор փոքր հեռաահրությամբ զենիթային համալիրներ, սակայն Իրանը մերժել է այդ առաջարկը:

С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար: Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:

Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել:

Տեսանյութեր

Լրահոս