Ինչպես Տիգրան Սարգսյանը ԱԳՆ-ին գցեց 257 հազար դրամ ծախսի տակ
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում տեղ է գտել մի զավեշտալի հարց՝ կապված փողի հետ։
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 30.10.2012թ. N 1053-Ա և 09.11.2012թ. N 1096-Ա որոշումների հայ-գերմանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 6-8-ը Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կառավարության պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ.Մնացականյանը: Վարչապետի մյուս՝ 30.10.2012թ. N 1054-Ա և 09.11.2012թ. N 1101-Ա որոշումների Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա Արմթեք համաժողովին մասնացելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 8-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Հովակիմյանը:
Այսինքն՝ Էդվարդ Նալբանդյանի երկու տեղակալները նախորդ տարվա վերջին պետք է մեկնեին արտերկիր։ Զ. Մնացականյանը պետք է դեկտեմբերի 6-ից 8-ը պատվիրակության կազմում մեկներ Ֆրանկֆուրտ՝ մասնակցելու հայ-գերմանական գործարար համաժողովին։ Իսկ Ա.Հովակիմյանը պետք է 2012 թվականի դեկտեմբերի 8-14-ը մեկներ ԱՄՆ։ Այս երկու այցելություններն էլ հաստատվել են վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով։ Եվ, բնականաբար, պետբյուջեից համապատասխան գումար է հատկացվել՝ տոմսեր ձեռք բերելու համար։
Սակայն այցելություններից մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 3-ին, վարչապետը միտքը փոխում է և չեղյալ այդ որոշումները։ Այսինքն՝ ԱԳ փոխնախարարներին հանել է պատվիրակությունների կազմից։ Թե ինչու՝ այդ մասին նշվում։ Ինչևէ՝ համաձայն սահմանված կարգի, տոմսերի համար տրամադրված ամբողջ գումարը վերադարձվել է պետբյուջե:
Եվ այստեղ սկսվում է բուն խնդիրը։ Բանն այն է, որ Արտաքին գործերի նախարարությունը, մինչև վարչապետի մտափոխվելը, արդեն տոմսերը գնել էր Արմենիա Թրավել+Մ ընկերությունից։ Ֆրանկֆուրտ- Փարիզ–Երևան տոմսի համար վճարվել է 197 600 դրամ, իսկ Ֆրանկֆուրտ-Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո–Բոստոն-Ֆրանկֆուրտ տոմսի համար՝ 3 083 600 դրամ։ ԱԳՆ-ը փորձել է ետ վերադարձնել տոմսերը։
Սակայն Արմենիա Թրավել+Մ ընկերությունը նշել է, որ Ֆրանկֆուրտ- Փարիզ–Երևան տոմսը (197 600 դրամ) ենթակա չէ վերադարձման, իսկ Ֆրանկֆուրտ-Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո–Բոստոն-Ֆրանկֆուրտ տոմսը ենթակա է վերադարձման` 60000 դրամ տուգանքի պայմանով (գրությունը կցվում է): Առաջացել է ընդանուր պարտքի գումար 257600 դրամի սահմաններում: Այլ կերպ ասած՝ 257 600 դրամը մնացել է ԱԳՆ-ի ուսերին։
Եվ այժմ ԱԳՆ-ն ներկայացրել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է թույլատրել` ՀՀ արտաքին գործերի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում նախարարների աշխատակազմերի մասով» ծախսային ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումների և շրջագայությունների ծախսեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին մարել 2012 թվականի արդյունքներով արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով առաջացած պարտքը՝ 257600 դրամի չափով: Այսինքն՝ ԱԳՆ-ն մաքրում է պարտքը իր վրայից։