Բաժիններ՝

Հատուկ ուշադրությունը «Էկոտոմատոյի» նկատմամբ պահպանվում է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնք` «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: ՀՀ կառավարության 2011 և 2012 թթ. համապատասխան որոշումներով ներդրումային ծրագրերի շրջանակում այս ընկերությունն ստացել էր ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն և Գողթ գյուղի վարչական տարածքում կառուցել բարձր կարգի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն` ընդհանուր 5 հա մակերեսով:

Վարչապետ Սարգսյանը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցվող ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Շուրջ 9.1 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրման արդյունքում ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով` ասիմիլացիոն լուսատու համակարգ, որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգեր և այլն:
2012 թ. ընկերությունն իրականացրել է շուրջ 657 մլն ՀՀ դրամին համարժեք վարդերի արտահանում (արտադրանքի 75 տոկոսը): 2013 թ. առաջին կիսամյակում արտահանման ծավալը կազմել է շուրջ 415.1 մլն ՀՀ դրամ, իսկ ներքին շուկայում իրացվել է 64.4 ՀՀ դրամին համարժեք արտադրանք: Ընկերությունում ներգրավված է շուրջ 70 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 128 հազար դրամ:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ կառավարությունը հավանություն էր տվել «Էկոտոմատո» ՓԲԸ ներկայացրած՝ Կոտայքի մարզի Գողթ համայնքում ջերմատան կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին և Գողթի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3.5 հա հողամասը կադաստրային արժեքով օտարել էր «Էկոտոմատո» ՓԲԸ-ին։

Իսկ 2011թ. կեսերին ՀՀ կառավարությունը որոշել էր «Էկոտոմատո» ՓԲԸ-ի  կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հունիսի 25-ը։

Բացի այդ, ընկերությանը ֆինանսավորում էր տրամադրել «ՎՏԲ-Հայաստան բանկը» ՝ նոր ծաղկային ջերմոցների տնտեսության շինարարության և «Dalsem» հոլանդական ընկերությունից սարքավորումների ձեռքբերման նպատակով: Սա էլ զարմանալի էր, քանի որ հայաստանյան բանկերը համեմատաբար նոր, կամ, ինչպես իրենք են ասում, start-up բիզնեսներին չեն վարկավորում։

Եթե այս ամենին էլ գումարենք այն, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ նախագահից սկսած, այցելել է «Էկոտոմատո», ապա ակնհայտ է դառնում, որ հատուկ ուշադրություն է դարձվում այս ընկերությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս